Արցախի պետական համալսարան

V.gr0101

Մի բարդի կար` ծեր ու մենավոր, մի բակ, մի Վանո պապ` իմ մանկության մեջ հեռավորՎանո պապը ծնվել էր «որ դոխերին ապրեցներ»: Ինքն էր սահմանել իր առաքելությունը: Գիտեր` ինչ են սիրում, ինչն էր նրանց ուրախացնում և նույնիսկ ինչ են խոսում այդ բարի ու նուրբ արարածները: Հինգ տարեկան էլ չկար, երբ հայրը` մեծ արկղերը ձեռքին, ներս մտավ և այդ օրվանից ի վեր իր միակ ժառանգին անգիտակցաբար սահմանեց ճակատագիր:

Բացեց արկղը, սենյակը լցվեց սպիտակ, աննման թռչուններով: Վանիկի աչքերը փայլեցին զարմանքից, հոգին լցվեց անակնկալ թրթիռով: Ծիծաղեց Վանիկը, և հասկացան թռչունները: Անտեսանելի կապ հաստատվեց մանկան և թռչունի միջև: Ճերմակ, նուրբ, փոքրիկ թռչուններ, որոնք, ինչպես հետո իմացավ, աղավնիներ էին: «Ավելի համահունչ անուն երևի ոչ մի թռչուն չունի այս աշխարհում», - մտածեց Վանիկը: Սիրեց, խնամեց աղավնիներին, սրանք էլ իրենց հերթին բազմացան ու տարիների հետ չհեռացան, ինչպես հեռացել էին շատ - շատերը:

Տարիներ անցան: Վանիկն արդեն Վանո էր ու պապ:

-Վանո¯, կմրսե¯ս... տու¯ն արի

-Սուս, կնիկ, ես իրանց կնայեմ

Ամեն գիշեր լսում էի հենց այս խոսքերը, օրս կիսատ էր, եթե չկային Վանո պապն ու իր աղավնիները: Վանո պապի կյանքը պապս էր պատմել, երբ ես էլ հինգ կամ վեց տարեկան էի, պապս ասում էր. «Մարդ պիտի իրեն գտնի էս աշխարհում, թե չէ ում է պետք ապրածը, պիտի զարթնի նպատակով, թե չէ ում է պետք գոյությունը, ասում էր, թե մարդ պիտի կողքին գոնե մի Վանո ունենա, որ հասկանա ընկերության համը»:

Պապս ու Վանո պապը ընկերներ էին դեռ անհիշելի ժամանակներից, համենայնդեպս ինձ համար այդ տարեթիվը, ինչ-որ հեռու, կորած թիվ էր, երբ իմ պատկերացմամբ դինոզավրեր էլ եղած կլինեին: Դե, երեխա էի, երբ փոքր ես, ամեն ինչ խորհրդավոր է, փորձում ես նույնիսկ ամենաիրական փաստերում հայտնաբերել կախարդանք, ու, որ պարտադիր է, դու էլ դառնաս այդ կախարդանքի մի մասը: Ես էլ չէի տարբերվում, ունեի հզոր երևակայություն, կարող էի խեղճ Վանո պապին նստեցնել դինոզավրին, տանել պապիս մոտ, հետո իրենց միասին նստեցնել մի դինոզավրի ու վազեցնել աղավնիների հետևից:

Հա, աղավնիներն էլ կային, էլ ինչ Վանո պապ` առանց աղավնի: Պապս պատմում էր, թե ինչպես էր մի անգամ փորձել թաքցնել աղավնիներից մեկին, որ տեսներ Վանոյի պահվածքը: Դե, թե Վանոն ինչպես էր ամբողջ քաղաքը ոտքի տակ տվել, թե ինչպես էր ուրիշի աղավնիների մեջ իր աղավնուն երևակայել և գրեթե հասել դատարան, չեմ մանրամասնում, պատկերացրեք միայն և պապիս հումորը գնահատեք:

Պապս ու Վանոն բնիկ լենինականցիներ էին, սիրում էին ամեն անգամ կրկնել: Դե, իզուր չեն ասում, «գլուխ ունինք, որ կգովանք», ի դեպ Վանոյի սիրած խոսքն էր, ասում էր. «Իմ դոխերս, իմ անունս են, ուր երթամ, ես իրանց պիտի պարտական էղնիմ, իրանք եմ իմ պատիվս ու գոյությունս»: Մտածում էի. «Այ քեզ առասպե¯լ»:

Ինչ պատմություն ասես չէի մոգոնում Վանո պապի ու իր աղավնիների կապի մասին: Պապս ասում էր` հենց մեծանամ, շատ բան եմ հասկանալու, փոքրերը աշխարհը այլ կերպ են ընկալում (ճիշտ էր, փոքրերը ճիշտ են ընկալում), ես էլ ուզում էի շուտ մեծանալ, շուտ հասկանալ Վանո պապի աշխարհը, աղավնիներն ու պատիվը:

Ինձ սիրում էր Վանո պապը, զգում էի, այդ հարցում չէի կարող սխալվել, կոնֆետներս չէին պակասում, ամեն բարևս մեկ կոնֆետ էր, եթե մի քիչ շատ էի խոսում, կամ էլ ինքն էր խոսեցնում, հասնում էի թխվածքի: Երբեմն թույլ էր տալիս նույնիսկ կերակրել իր աղավնիներին, իսկ դա միայն արքայադստերն էր վայել, ինքն էր ասել:

-Վանո պապ, իրանք մեզի կլսե՞ն:

- Հա, բա ի՞նչ կենեն, Վալյուշ ջան:

- Բա ինչի՞ չեն պատասխանե:

-Կպատասխանեն, մենք իրանց չենք հասկնա, Վալյուշ ջան:

Ճիշտ էր Վանո պապը: Ամեն անգամ պատշգամբում երգելիս թռչում էին, հասնում վրաս, թեթև շարժումներով թափահարում էին թևերը: Երևի ուզում էին ասել, որ շարունակեմ, որ ուզում են լսել: Իսկ ես,ավաղ, չէի հասկանում: Այդ փոքրիկ հրեշտակները իմ հոգում թողեցին անմոռաց հետք, ով գիտի, գուցե միայն Վանո պապի անունը չէր, որ պիտի պատվով պահեին այդ թռչունները: Վանո պապը մեր բակի ամենահարգված մարդկանցից էր, միայն իր աղավնիների հանդեպ ուշադրությունն ու սերը հարևանների սրտում առաջացնում էին կարեկցանքի խորը զգացում: Երբ հավաքվում էին բակի մեծերն ու փոքրերը, լավ մարդ դառնալու խրատին միանգամից հաջորդում էր Վանո պապի պես լինելու օրինակը:

Սիրել, նվիրվել նրանց, ովքեր քեզ հավատարիմ են, կարևոր չէ մարդ արարած է, թե կենդանի, գտնել, անել այն, ինչը կերջանկացնի քեզ ու նվիրվել դրան ամբողջ էությամբ, ինչպես Վանոն: Երեխաների աչքերը փայլում էին Վանոյի կերպարից, հեքիաթի հերոսի էր նման այդ ծերունին, մեծ, բարի աչքերով, ճերմակ մազերովտարիների հետ ինքն էլ աղավնի դարձած մարդը:

Վալենտինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրագր. 3-րդ կուրս