Արցախի պետական համալսարան

IMG ta0381 IMG ta0375

IMG ta0426 IMG ta0383

Հարաբերական խաղաղության պայմաններում ապրող Արցախի համար կարևորելով տնտեսական անվտանգության խնդիրները, սպառնալիքներն ու մարտահրավերները՝ տնտեսագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ մարտի 22-ին հրավիրված կլոր սեղանի մասնակիցները քննարկել են տնտեսական անվտանգության խնդիրներ:

Կլոր սեղանին հրավիրված էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, տ.գ.թ., պրոֆեսոր Թ. Մանասերյանը, ներկայացուցիչներ պետական սեկտորից, տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը ողջունել է տնտեսագիտության ֆակուլտետի նախաձեռնողականությունը՝ պատկան մարմինների ներգրավմամբ տնտեսության արդիական խնդիրների շուրջ քննարկումների կազմակերպումը՝ առաջարկելով ավարտին հրապարակել քննարկման արդյունքներն ամփոփող որևէ փաստաթուղթ:

Տնտեսական անվտանգությունը դիտարկելով ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս՝ ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռ. Մանգասարյանը գլոբալացման գործընթացի համատեքստում ընդգծել է տնտեսական անվտանգության ինչպես հնարավորություններն ու հեռանկարները, այնպես էլ վտանգներն ու ռիսկերը. «Փորձը ցույց է տալիս, որ ՏԱ ապահովման հուսալի և արդյունավետ համակարգը կարող է երաշխիք դառնալ երկրի անկախության և ինքնիշխանության պահպանման, կայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար: Ժամանակակից աշխարհում ազգային անվտանգության խնդիրը ազգային քաղաքականության կերտման և ազգային զարգացման համար դառնում է հիմնարար»:

Նախքան քննարկումներին անցնելը՝ տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Շ. Ասրյանը ներկայացրել է տնտեսական անվտանգության մի քանի ցուցանիշների շուրջ սեփական վերլուծության արդյունքնեը` հանդես գալով «ՏԱ ապահովման մակարդակը բնութագրող որոշ ցուցանիշների վերլուծությունը ԱՀ-ում» զեկուցումով:

Թ. Մանասերյանը, ով տնտեսական անվտանգության խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվում է ավելի քան քառորդ դար, ներկայացված վիճակագրական տվյալներից առանձնացրեց ՀՆԱ և տնտեսական աճի ցուցանիշները:

«Այն, որ Արցախի Հանրապետությունում վերջին տարիներին գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, հերոսություն է, սակայն սահմանը չէ,- ասում է պրոֆեսորը և հավելում,- Արցախի դեպքում աճը կարելի է բնորոշել ոչ այնքան որպես տնտեսական, որքան վերականգնողական»:

Առաջադրվեցին տնտեսական անվտանգության նախապայման հանդիսացող այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ռեսուրսների արդյունավետ և համալիր օգտագործումը, պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրը, էներգետիկ անկախություն, գյուղատնտեսության զարգացման հիմնախնդիրները և այլն: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա պետք է նշել, որ ոլորտը մշտապես ֆակուլտետի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Վերջերս ֆակուլտետի (ֆինանսներ, 4-րդ կուրս) ուսանողուհի Մերի Զաքարյանը Ռ. Մանգասարյանի ղեկավարությամբ «ԱՀ-ում գյուղատնտեսության զարգացումը որպես երկրի տնտեսական աճի ապահովման անհրաժեշտ նախապայման» թեմայով հետազոտական-վերլուծական աշխատանքով մասնակցել է ՀՀ ԿԲ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին և արժանացել 6-ամսյա կրթաթոշակի:

Քննարկման մասնակիցները հաստատեցին, որ անվտանգության, այդ թվում` տնտեսական սպառնալիքների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ոչ միայն խիստ մասնագիտական և քաղաքական միջոցառումների իրականացում, այլև հասարակության մեջ տիրող սոցիալ-հոգեբանական վիճակի փոփոխում և վերակառուցում: Այս առումով ՏԱ ապահովումը երկրի անկախության, ինքնիշխանության գլխավոր երաշխիքներից է, հասարակության և անձի կայուն ու արդյունավետ գործունեության պայմաններից, ազգային տնտեսության հիմնական գերակայություններից մեկը: