Արցախի պետական համալսարան

vg29663320 209898619780660 1917558225 n 

Արցախի  Հանրապետության Ասկերանի շրջանի Հարավ գյուղում է ապրում և ստեղծագործում Վյաչեսլավ Ղազարյանը։ Բազմանդամ ընտանիքի հայր, ով իր ապրուստի մի մասը վաստակում է` զբաղվելով սիրած աշխատանքով և աշխարհի հետ զրուցում գույների լեզվով:

Վյաչեսլավ Ղազարյանը Հարավ է տեղափոխվել Դուշանբե քաղաքից։ Վյաչեսլավի հետ զրույցում նա պատմեց, որ իր ստեղծագործական գործունեությունը սկսել է Դուշանբե քաղաքում, երբ դեռ շատ փոքր էր։ 

-Առաջին անգամ նկարեցի բնություն և հասկացա, թե ինչքան եմ սիրում ծառ ու ծաղիկ, երկինք ու ցամաք, ես սիրեցի բնությունը հենց իմ կտավներից։ Շատ եմ սիրում նկարել,- անկեղծացավ Վյաչեսլավը։- Մանուկ հասակից նկարում էի այն ամենը, ինչ աչք էր գրավում, համադրում էի գույները, ստանում գեղեցիկ կտավներ:  Սիրում եմ, երբ նկարները վառ գույներով են գունավորված լինում, բայց ... Տեղափոխվել Արցախ ու ապրուստի մասը թողնելով Դուշանբեում Վյաչեսլավն ու իր ընտանիքը շատ դժվարությունների հանդիպեցին։ Բազմանդամ ընտանիքի հոգսը ծանրացած էր Վյաչեսլավի ուսերին, ով գումար էր վաստակում իր նկարները վաճառելով ու նաև մեկ-մեկ էլ պատվերներ էր ունենում։ Վյաչեսլավը նշեց, որ եղել են պահեր, երբ գունաներկեր չի ունեցել և ստիպված չի կարողացել նկարել, բայց և նշեց, որ եղել են մարդիկ, ովքեր այդ ներկերը տալիս էին նրան առանց որևէ գումարի։

 -Հոգիս թեթևացել է հիմա: Ժամանակները փոխվել են, երեխաներս էլ մանկահասակ չեն, աշխատում ու օգնում են ինձ, թեթևացնում հոգսերս։ Հիմա ես զբաղվում եմ միայն նկարչությամբ, շատ եմ սիրում նկարել, այն ինձ հանգստություն է տալիս, ես ցրվում եմ առօրյա խնդիրներիցս ու ինձ փնտրում եմ նկարներիս մեջ, ես չեմ պատկերացնում, որ կարող է մի օր ես էլ չնկարեմ։ Նկարելը դարձել է իմ առօրյան, ստեղծագործելով ես ինձ բավարարված եմ զգում։ Արվեստի հոգին անկեղծությունն է, և որքան անկեղծ ես լինում ինքդ քեզ հետ, այնքան գեղեցիկ արվեստի գործեր կարող ես ստանալ, -ասում է մեր զրուցակիցը և հենց այս կարգախոսով էլ առաջնորդվում:

Վարդուհի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Լրագր. 3-րդ կուրս

Գեղանկարը` Վ. Ղազարյանի