Արցախի պետական համալսարան

violla

Մեր ուսանողուհի Վիոլետտա Բաղդասարյանը զրուցել է կին զինծառայող, կապիտան Դալլաքյանի հետ. Ձեզ ենք ներկայացնում զրույցը:

Կապիտան Իրինա Դալլաքյանը 17 տարի է՝ ՀՀ զինված ուժերում է, որից 15 տարին ծառայել է ՊՆ-ում, իսկ 2-ը՝ Արցախում(ՊԲ)։ Նա N զորամասում Հայաստանից տեղափոխված միակ կին սպան է, ով, դիմելով պաշտպանության նախարարին, ցանկություն է հայտնել` Արցախ տեղափոխվելու։

-Տիկին կապիտան, ինչու՞ որոշեցիք տեղափոխվել Արցախ։ 

-    Փոքր տղաս, ավարտելով Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայության անցավ Արցախի Հանրապետությունում։ Արցախ տեղափոխվելու ցանկությունը միշտ եղել է, իսկ տղայիս այստեղ նշանակվելը ստեղծեց առիթը։ 

-     Տիկին Դալլաքյան, զինծառայող-կին` առաջին հայացքից դժվար համատեղելի, իսկ Ձեր պարագայում` Ձեզ բնորոշող. երբևէ երազե՞լ էիք լինել սպա։ 

-    Չեմ թաքցնի, մանկուց երազել եմ, երբ հնարավորություն ընձեռվեց անցնել զինծառայության, առանց վարանելու քաղաքացիական աշխատանքս փոխարինեցի զինծառայողի բարդ ու հետաքրքիր ծառայությունով։ 

-     Ի՞նչ եք կարծում, կին զինվորականը կարո՞ղ է միաժամանակ լինել քնքուշ մայր և խստապահանջ սպա։

      Հայ կինը ցանկացած պարագայում իր քնքշությունը չպետք է կորցնի։ Այնքան էլ համաձայն չեմ «խստապահանջ սպա» արտահայտությանը, քանի որ ինձ համար առաջնայինը մարդկային, հետո կանոնադրային հարաբերություններն են։ 

-    Դուք աշխատում եք մի համակարգում, որն ավելի շատ ժամանակ է պահանջում, իսկ ընտանի՞քը։ 

-    Ցանկացած պարագայում պետք է փորձել համատեղել և՛  ծառայության պահանջներին, կարգապահությանը հետևելը, և՛  ընտանեկան պարտականություններ կատարելը։ 

-   Ո՞րն է կնոջ ձեր իդեալը, ինչպիսի՞ն պետք է լինի հայ կինը։ 

-   Չեմ ստեղծել իդեալներ, բայց միշտ զարմացել եմ ու հիացել Սոսե Մայրիկի՝ Աղբյուր Սերոբի կնոջ խիզախությամբ և նվիրվածությամբ, իսկ ինչ վերաբերում է հայ կնոջը, վերջինս պետք է լինի հավատարիմ կին և կատարյալ մայր։ 

-   Որպես հայոց բանակի սպա, ի՞նչ կասեք մեր սպաների, զինվորների և առհասարակ հայոց բանակի մասին։ 

-   Հայոց բանակի սպան արի է, ոգին՝ մարտական, կամքը՝ անկոտրում, իսկ զինվորը․․․ Մեր զինվորներով կարելի է անվերջ հպարտանալ, այդ ապացուցեց քառօրյա պատերազմը, անգամ դեպքեր եղան, երբ  քառօրյայի ժամանակ արձակուրդում գտնվող զինվորները՝ պատերազմի լուրն իմանալով, ընդհատեցին իրենց արձակուրդը և առանց վարանելու վերադարձան Արցախ։ Նման զինծառայողներ ունեցող բանակը, անկախ ամեն ինչից, հզոր է։ 

-    Ո՞րն է կյանքի ձեր կարգախոսը։ 

-   Նվիրվածություն ու հավատարմություն սկսած գործին և ընտանիքին։ 

-   Եվ վերջում, տիկին Դալլաքյան, ձեր բարեմաղթանքը` մեր կանանց և աղջիկներին` միամսյակի առթիվ։ 

-   Մեր կանանց ու աղջիկներին ցանկանում եմ խաղաղ երկինք, ամուր ընտանիք, առողջ երեխաներ, և թող Աստծո օրհնությունը միշտ ուղեկից լինի հային։

Հարցազրույցը` Վիոլետտա Բաղդասարյանի, լրագր. 3-րդ կուրս