Արցախի պետական համալսարան

usanox29939688 125620514953038 510692080 n

Անցավ ուղիղ երկու տարի: Ոմանց համար ուղղակի տարիներ, ոմանց համար էլ` տարիներ ցավի, կսկիծի, կորստի, կարոտի ու հպարտության:

Ես Արցախն եմ, ազգությունս` հայ: Ես հին աշխարհի պատմությունը չգիտեմ, բայց գիտեմ մի բան. ես աշխարհի ամենահին բնակավայրերից մեկն եմ և իմ հմայքի համար դարեր շարունակ կռվախնձոր եմ եղել, ինչպես և հիմա: Երկիր եմ, որ ընդամենը մի փոքրիկ աստղ է, իսկ աստղերի մեծությունը որոշում են ոչ թե նրանց չափերով, այլ` տված լույսով:

Մենք շրջապատված ենք դարավոր թշնամիներով, որ ամեն րոպե ու վայրկյան կարող է սողալ դեպի հայկական դիրքեր: Ես միշտ ականջալուր եմ մեծերի խոսքին, ուստի կհավաքեմ բոլոր ժամանակների իմ իմաստուններին, կլսեմ նրանց խորհուրդները և նրանց էլ մասնակից կդարձնեմ իմ ապրիլյան հաղթանակին:

Ամեն անգամ աչքերս լցվում են ցավի ու հպարտության արցունքներով`լսելով մեր ժամանակի հերոսների  անունները: Մոտենում եմ Օնիկ Գրիգորյանին.

-Դուք երջանիկ փոխգնդապետ եք, ով քաջն Օնիկ, որ հաղթանակ տարաք մեր դարավոր ոսոխների դեմ: Ես պատանի Արցախն եմ և շրջապատված եմ դարավոր թշնամիներով: Ինչպե՞ս պաշտպանեմ իմ անկախությունը:

-Ինչպե՞ս կարող է երջանիկ լինել այն հայը, ում ձեռքերում մարեց քսանամյա պատանին: Նա, ով պիտի պահեր իր ժամանակների Արցախը: Արյունոտ սիրտդ երբեք ցույց մի տուր, եթե չես ուզում կարեկցանքի փոխարեն չարախնդություն վաստակել: Թող չկարողանան կես ճանապարհին քեզ կանգնեցնել հուսալքությունն ու ուժասպառությունը: Մոլախոտի պես արմատախիլ արա դավաճանությունն ու անմիաբանությունը և բաց ճակատով գնա գալիքին ընդառաջ:

Արցախական  աստվածային հայրենիքն անառիկ պահելու համար հարյուրից ավելի զինվոր է զոհվել:  Իմ ծաղկաբույլը հանկարծ բոսորվեց, և արյուն կաթեց նրանց թերթիկներից: Մոտենում եմ նորօրյա մեր հերոս Արմենակ Ուրֆանյանին.

-Ազգի հերոս, չափազանց մեծ է քո նահատակության արժեքը, ի՞նչ կարող ես տալ իմ անկախ Արցախին.

-Տվեցի ամենաթանկը` կյանքս, որի համար չեմ ափսոսում, բայց իղձերս մնացին անկատար, չհասցրեցի ընտանիք կազմել, զգալ երեխայի քաղցրությունը: Դարձիր իմ երազների նավավարը և տուն բեր տարագիր որդիներին: Մեր կենաց սեղանի մոտ պիտի նստենք լրիվ կազմով, մեր ազգի միջից արմատախիլ պիտի անենք կարոտախտ հիվանդությունը:

Մոտեցա հուշահամալիրին: Ծնկեցի.

-Այս ծաղիկները Ձեզ, հերոս տղաներ` Արմեն, Ռոբերտ, Ադամ, Քյարամ… Երևի կարոտել եք ձեր հանդերի ծիլ ու ծաղկին: Գիտե՞ք, տղաներ, որ այդ ծաղիկները իրենց թերթերի վրա ունեն իմ մաքուր արցունքները, որոնք ապրելու,  հարատևելու, հաղթանակի բերկրանքի արցունքներն են, որոնք պահանջատիրության առաքելություն ունեն: Հաղթանակ, որ կշարունակի իր հաղթական երթը դեպի դարերը:

Նայում են ինձ տղաները ու ասում.

-Գնա ու մի սայթաքիր…

-Կգնամ ու չեմ սայթաքի…

Մերի Գաբրիելյան, լրագր. 3-րդ կուրս