Արցախի պետական համալսարան

IMG f7272   IMG f7279 

IMG f7288   IMG f7308

Ապրիլի 12-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը: Ֆորումի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո մեկնարկել են ֆորումի աշխատանքները:

Ֆորումի հանդիսավոր բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Ռեկտոր Մ.Մինասյանն ընդգծել է Ղարաբաղյան շարժման պատմաքաղաքական նշանակությունը, կարևորել ֆորումի դերը շարժման վերարժևորման համատեքստում, շնորհակալություն հայտնել գործընկեր բուհերի պատվիրակություններին մասնակցության համար` հույս հայտնելով, որ ֆորումը հասնելու է նախանշած նպատակին:

«Ցանկացած պետության հասարակական-քաղաքական կյանքում կարևորվում է ուսանողության դերը, քանի որ յուրաքանչյուր պետության զարգացման ընթացքը պայմանավորված է գիտելիքներով զինված ու բանիմաց երիտասարդներով,- ասել է ռեկտորը և, դիմելով ուսանողությանը, հավելել,-դուք ապրում եք մի ժամանակաշրջանում, երբ գիտելիքը նորովի է արժևորվում, երբ կրթության ոլորտում յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է լինել ակտիվ և կրթական որոշ արժեքներ բազմապատկելով` փոխանցել հաջորդ սերնդին»:

«Խորհրդային Ադրբեջանը նպատակադրված ուզում էր փոխել բուհի էթնիկ կազմը հօգուտ իրեն, և դա ԼՂԻՄ հայաթափման ծրագրի մի մասն էր, սակայն ադրբեջանական իշխանությունների բռնատիրական նկրտումներն ապարդյուն անցան: Ազգային ազատագրական ոգին ոչ միայն չմարեց Ղարաբաղի գլխավոր կրթօջախում, այլև հարմար պահի էր սպասում ժայթքելու համար»,-ասել է ԿԳՍ նախարար Ն.Աղաբալյանը:

«Դու´ք եք մեր հայրենիքի ներկան և դու´ք եք կերտելու վաղվա օրը, դու´ք եք կայացնելու մեր երկրի, մեր ազգի համար ճակատագրական որոշումներ, ձե´զ է վիճակված այս բարդ ու դժվարին ժամանակներում ճիշտ կողմնորոշվել և ոչ միայն չկորցնել, այլև բազմապատկել ձեռքբերումներն ու հաղթանակները»,- դիմելով ուսանողությանը` ասել է  նախարարը:

«Զսպանակը, որ ազգային իր արմատներն էր որոնում, պայթեց, և եղավ 88-ը, որի գաղափարների հպարտ և արժանի շարունակողը այսօրվա սերունդն է, ով ավագների օրինակով փշրում է շղթաները՝ քաղաքական իր արդարացի պահանջը հասցնելով միջազգային հանրությանը: Իսկ միջոցառումները, ինչպիսիք այսօրվա ֆորումն է, այդպիսի ակցիաներից ամենաարդյունավետն են»,- ասել է Ա.Մխիթարյանը:

ՀԵՀ անունից ֆորումի մասնակիցներին ողջունել է ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, ով իր ելույթում ընդգծել է ԱրՊՀ հետ կազմակերպվող միջոցառումների արդյունավետությունը, ապա և կարևորել ուսանողական ինքնավար մարմինների հավաքներն ու ոլորտում  առկա խնդիրների քննարկումները:

«Ուսանողի ձայնն այսօր լսելի է, բարձրացված խնդիրները՝ ենթակա լուծման»,- նշել է ՀՊՄՀ ուսանողական մարմնի պատասխանատուն:

Ֆորումի և գիտաժողովի բացման հանդիսավոր նիստի ընթացքում ցուցադրվել են  արտերկրում հայանպաստ գործունեություն ծավալող հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների ուղերձները՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստված «Պաշարվածները» ֆիլմը:

Ֆորումին մասնակցության հայտ ներկայացրած ավելի քան 140 մասնակիցներ  աշխատանքները շարունակելու են յոթ մասնախմբերում, որից վեցը գիտաժողովի շրջանակներում:

Հավելենք, որ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Արցախը` իր բազմադարյա մշակույթով, բնության անձեռակերտ հրաշալիքներով, յուրօրինակ խոհանոցով, ավանդույթներով ու սովորույթներով: Հանդիպումներ և քննարկումներ կունենան Արցախի պետական, հասարակական, քաղաքական, գիտական մտքի հայտնի գործիչների հետ: