Արցախի պետական համալսարան

f1  f2

f3  f4

Ապրիլի 13-ին Գանձասարում ամփոփվեցին Արցախյան շարժման 30 -ամյակին նվիրված համահայկական ուսանողական ֆորումի աշխատանքները: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, դասախոսներ, ուսանողներ:

Հայկական երկու հանրապետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 100 ուսանողներ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում հանրագումարի են բերել եռօրյա ֆորումի արդյունքները. ուսանողության տպավորությունները դրական են, իսկ աշխատանքների արդյունքները շոշափելի իրողություն կդառնան` գիտական հանրույթին ներկայացնելով Ղարաբաղյան շարժման 30- ամյակին նվիրված շուրջ 150 գիտական հոդված, որը նախատեսվում է առաջիկայում տպագրել առանձին ժողովածուով: Նախքան ֆորումի փակման հանդիսավոր արարողությունը` մասնակիցները շրջել են Գանձասարի վանական համալիրում, կատարել մոմավառություն, ծանոթացել մատենադարանի ցուցադրություններին: ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Գանձասարում ուսանողներին պատմել է վանքի հիմնադրման պատմությունն ու անցած ուղին` առանձնացնելով հատկապես Արցախյան պատերազմի օրերից դրվագներ, երբ հակառակորդը դիմում էր բոլոր միջոցներին` վանքը կործանելու համար, սակայն աստվածային ուժով վանքը մնացել է կանգուն և դարձել հովանի հայ զինվորին ու նրա հաղթանակներին:

Փակման հանդիսավոր արարողությանը ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կարևորելով երիտասարդության դերը երկրի պետականաշինության գործընթացում, ընդգծել է. «18-20 տարեկան երիտասարդներին վստահված է մեր երկրի սահմանների պաշտպանությունը, և այդ առաքելության շարունակությունը դուք եք իրականացնում` այցելելով Արցախ և քննարկումներ ծավալելով, տեսակետներ առաջադրելով մեր զարգացման հեռանկարների շուրջ: Մենք պետք է լավատես լինենք. դա հաջողության հասնելու գրավականներից է: Բավական է հիշել, թե 88-ին ինչից ենք սկսել, ինչ ենք հաղթահարել և ինչ ունենք այսօր: Այն, ինչին մեզ հաջողել է հասնել, շատ լավ հիմք է, որպեսզի ապագայում ավելի մեծ հաջողություններ կարողանանք արձանագրել»:

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակներին` մասնակցության և արդյունավետ աշխատանքների համար` կարևորելով ֆորումի նշանակությունը հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ միավորելու, Ղարաբաղյան շարժման պատմաքաղաքական 30-ամյա ուղին, ձեռքբերումները արժևորելու, մեր երկրում իրականացվող կրթական և երիտասարդական քաղաքականության ոլորտում առկա խնդիրները բացահայտելու, ԱՀ և ՀՀ ուսանողության ներուժը ի նպաստ հայրենիքի կայուն զարգացմանն ուղղորդելու, Արցախի մայր բուհի և հայաստանյան գործընկեր բուհերի միջև կապերն ամրապնդելու տեսանկյունից:

Հայաստանյան ուսանողության անունից ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ուսանող Դավիթ Զաքարյանը շնորհակալություն է հատնել համահայկական ուսանողական ֆորումի կազմակերպման համար` նշելով, որ ֆորումի շնորհիվ նրանց հնարավորություն է ընձեռվել ստացած գիտելիքները կիրառել գործնականում, ներկայացնել իրենց տեսլականն ու ծրագրերը` հայրենիքի զարգացման, համազգային խնդիրների լուծման ուղիների շուրջ, մեկ անգամ ևս զգալ հայոց պատմական Արցախի և արցախցու հյուրասիրությունն ու ջերմությունը:

Ավարտին ուսանողները հանդես են եկել ֆորումի աշխատանքների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Մենք` 2018թ. ապրիլի 11-13-ը Արցախի Հանրապետությունում անցկացված Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված ուսանողական համահայկական ֆորումի մասնակիցներս, պատմական Գանձասարում հանրագումարի բերելով նախորդ օրերի քննարկումները և ամփոփելով ֆորումի աշխատանքները.

կարևորում ենք հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ միավորելու անհրաժեշտությունը` ընդգծելով Ղարաբաղյան շարժման 30-ամյա պատմության ընթացքում ունեցած ձեռքբերումները, որում անուրանալի է նաև երիտասարդության ներդրումը:

Հավաստում ենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդությունը համախմբված է Մայր Հայաստանի և նրա անքակտելի մասը հանդիսացող հայկական երկրորդ հանրապետության տարածքները պաշտպանելու և հայոց պետականության սահմաններն անառիկ պահելու նպատակի շուրջ:

Փաստում ենք, որ արդի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կրթական և երիտասարդական ճիշտ քաղաքականության իրականացմամբ ձևավորել ինտելեկտուալ ու ժամանակակից երիտասարդություն` խթանելով վերջինիս ներգրավվածությունը պետության զարգացման գործընթացներում, հասարակական, քաղաքական կյանքում:

Ընդգծում ենք ԱՀ և ՀՀ ուսանողական և երիտասարդական կառույցների պատրաստակամությունը` միասնական ջանքերով նպաստելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերին` գիտական, կրթական, հասարակական և այլ հարթակներում: Միևնույն ժամանակ կարևորում ենք Արցախի Հանրապետության ուսանողության համար միջազգային փոխանակման և կրթական այլ ծրագրերի մատչելիության ապահովումը:

Հաստատում ենք Արցախում հայկական երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական ինքնավար մարմինների մասնակցությամբ համաժողովների, քննարկումների պարբերական կազմակերպման ու շարունակականության կարևորությունը` դիտարկելով դրանք որպես երիտասարդության համախմբում համահայկական գաղափարների շուրջ` ի նպաստ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և ի շահ միասնական հայրենիքի կայուն զարգացման:

Գ ա ն ձ ա ս ա ր

13 ապրիլի 2018թ.»