Արցախի պետական համալսարան

IMG 1ep IMG 3ep

IMG ep IMG 2ep

Արցախի պետական համալսարանում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին կազմակերպվել է  գրքերի տոն և անց է կացվել գրքերի ցուցահանդես-վաճառքԱյս շրջանակում հրատարակչության հիմնադիր- տնօրեն Մկրտիչ Կարապետյանը հանդիպում է ունեցել բուհի ուսանողական և դասախոսական կազմի հետ, հանդես եկել «Նոր տեխնոլոգիաները հրատարակչական գործունեության մեջ» բանախոսությամբ,  ծավալվել է գրքի  արժևորմանը նվիրված քննարկում:

Հանդիպում-քննարկմանը ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, շնորհակալություն է հայտնել  ոչ ֆորմալ կրթության շրջանակում հերթական արդյունավետ հանդիպման համար`  կարևորելով «Էդիթ Պրինտ» հրատարակչության ծավալած գործունեությունը, հանրության շրջանում գրքի, գրականության տարածմանն ու արժևորմանն ուղղված նրանց առաքելությունը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը գործում է արդեն 25 տարի և այդ ընթացքում հրատարակել է հազարավոր գրքեր` գրականություն  տարիքային տարբեր խմբերի համար, ինչպես նաև կոթողային նշանակության ստեղծագործություններ հայ դասական և համաշխարհային գրականությունից: Հրատարակչության հիմնադիր-տնօրենը, կարևորելով հրատարակչական գործը ՀՀ-ում և ԱՀ-ում, անհրաժեշտություն է համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը հրատարակչական գործում` կրթական, մշակութային, գիտական գործընթացներն արդյունավետ կազմակերպելու համար: Որպես օրինակ ուսանողությանը ներկայացվեց նաև  1512 թ. Հակոբ Մեղապարտի տպագրած հայկական առաջին գրքի` «Ուրբաթագրքի»` «Էդիթ Պրինտ»-ի կողմից ֆաքսիմիլային ծրագրով պատրաստած տարբերակը:

Բանախոսության ընթացքում Մ.Կարապետյանը ներկայացրեց նաև էլեկտրոնային հավելվածների ներդրմամբ հրատարակված գրքեր, ինտերակտիվ ձեռնարկներ, երաժշտական գրքեր, աուդիոգրքեր, ուսուցողական, զարգացնող նյութեր, ամսագրեր, դասագրքեր` տարիքային տարբեր խմբերի համար, որոնք օգնում են երեխային նյութն ավելի հեշտ և արդյունավետ ընկալել, մեծացնում երեխայի հետաքրքրությունը գրքի հանդեպ:

«Արցախ այցելելը մշտապես հաճելի է: 4-5 տարի առաջ մենք եղել ենք Արցախի բոլոր շրջաններում և կազմակերպել ենք գրքերի ցուցահանդես: Մեր կողմից  մշտապես կազմակերպվում են գրքի ու գրականության արժևորմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք արցախցիներին ներկայացնել հայերեն հրատարակված նոր գրքերը»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մ.Կարապետյանը:

Հավելենք, որ ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում հրատարակչության նախաձեռնությամբ ներկայացվել են մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայ ընթերցողներին» խորագրի ներքո ներկայացվել են հանրահայտ գրողներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի և այլ հեղինակների գործեր: Գրքեր են ներկայացվել տարիքային տարբեր խմբերի համար: