Ապրիլի 18-ին Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում կայացավ Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» և իրանահայ Փերիո Կրթասիրաց միության նախաձեռնությամբ տպագրված 18-րդ դարի պատմագիր Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» գրքերի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Ն.Աղաբալյանը, ՄԵՀ և զբոսաշրջության նախարար Ս.Շահվերդյանը, ՀՀ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, գիտաշխատողներ, ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ:
Շնորհանդեսին օրհնության խոսք ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը Գանձասարում. «Թող Աստված օրհնի մեր ազգին, որ կարողանանք ոչ միայն զենքով պաշտպանել մեզ, մեր գույությունն ու անկախությունը, այլ նաև` գրչով, վրձնով, գրով ու արվեստով»:
ԱՀ ԿԳՍ նախարար Ն.Աղաբալյանը, ողջունելով ներկաներին, խորհրդանշական է համարել գրքերի շնորհանդեսը հենց Մատենադարան-Գանձասարում կազմակերպելու իրողությունը. «Կարևորում եմ այս ձեռնարկը. Գանձասարի Մատենադարանի բացումը ամբողջական է դարձրել մեր բարոյական նկարագիրը: Այն մեզ համար լավ հնարավորություն է աշխարհին ճիշտ ներկայանալու և վերստեղծելու այն միջավայրը, որը ծնունդ է տվել հոգևոր, պատմամշակութային արժեքներին, որով հպարտանալու առիթ ունենք իրավացիորեն»:
ՀՀ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ընդգծելով գրքերի գիտական արժեքն ու հեղինակների կատարած աշխատանքը, կարևորել է Գանձասարի Մատենադարանի գործունեությունը.«Մենք պետք է մեր գործունեությամբ փոխենք Արցախի մասին գոյացած կարծրատիպը: Աշխարհն Արցախը պետք է ճանաչի ոչ թե որպես պատերազմող, այլ բնականոն ընթացքով զարգացող, խաղաղասեր մի երկիր, որտեղ ժողովուրդն ապրում է արարելով, իսկ դրան պետք է նպաստի Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը»:
ՀՀ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարան հուշամեդալով պարգևատրել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, ԱՀ ԿԳՍ նախարար Ն.Աղաբալյանին` գրքերի տպագրությանն աջակցելու համար, շնորհակալագրեր է հանձնել տպագրության աշխատանքներում ներդրում ունեցած մասնագետների:
«Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գրքի և ուսումնասիրության շուրջ դասախոսությամբ հանդես է եկել գրքի հեղինակ, Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը:
Գրքում Երևանի Մատենադարանի ձեռագրերի հավաքածուի հիման վրա ներկայացված է հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը, բերված են 18-րդ դարում ստեղծված կաշվե կազմերի նմուշներ:
Նշենք, որ գիրքը հրատարակվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ:
Գրքերը նախատեսված են պատմաբանների, ձեռագրագետների, արձանագրագետների, արվեստաբանների և ընթերցող լայն հասարակայնության համար:
Շնորհանդեսի ընթացքում ճարտարապետ-վերականգնող Ստեփան Նալբանդյանը Գանձասար-Մատենադարանին է նվիրել Արցախին վերաբերող նյութեր. 1910 թ. Գանձասարի բակում Վարդավառի տոնին արված լուսանկար, գիրք, որի երկրորդ նմուշը պահվում է Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում և այլ հետաքրքիր ու եզակի թանգարանային նմուշներ: