Արցախի պետական համալսարան

IMG HP9007   IMG HP9010

IMG 9030   IMG 9032

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ «Մշակութային ժառանգությունը կոնֆլիկտի գոտում. վիճակը, հետազոտությունը և հանրահռչակումը» թեմայով ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել պ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Հ.Պետրոսյանը ԱրՊՀ ուսանողների հետ հանդիպմանը կարևորել է մշակույթի և մշակութային ժառանգության դերն առհասարակ  մարդկային գոյության հարցում. «Առանց մշակույթի մարդկային  գոյություն չկա, և մենք ամեն օր մշակույթի մեջ ենք, այն կրողն ենք: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով բազմաթիվ իրավունքների հետ միասին մարդն ունի նաև մշակույթի իրավունք և մշակութային կյանքից, արժեքներից օգտվելու, համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունք: Անկախ նրանից, թե այսօր Արցախի Հանրապետությունն ինչպիսի քաղաքական կարգավիճակ ունի, միանշանակ է, որ Արցախի ժողովուրդն ունի մշակույթի, մշակութային ժառանգությունը կառավարելու, ինքնությունը ամրապնդելու իրավունք»:

Փորձելով հետազոտել և հանրահռչակել Արցախի մշակութային ժառանգությունը` Հ.Պետրոսյանը խոստովանում է, որ առնչվում են խնդիրների: Կոնֆլիկտի գոտում մշակութային ժառանգությունը դառնում է թիրախներից մեկը: Ցավով նշեց, որ հաճախ դեպքեր են արձանագրվել, երբ մշակութային ժառանգությունը աղավաղվել է, և թե ինչպես է Ադրբեջանը վարվել հայկական մշակութային ժառանգության հետ: Որպես օրինակ վկայակոչեց Տիգրանակերտի Վանքասար եկեղեցին. 7-րդ դարի հայկական Վանքասար եկեղեցին 70-ական թթ. ադրբեջանցիները վերականգնել են, մուտքի մոտ խաչային հորինվածք է եղել, ջնջել են, 13-րդ դ. կանգնեցված խաչքարի խաչը նույնպես ջնջել են, քարը տեղափոխել Աղդամի քարի թանգարան` այդկերպ  սխալ վերականգնելով տաճարը, հայկական ճարտարապետական նուրբ ձևերը աղավաղելով և տաճարին տալով վրանաձևություն, ջնջել քրիստոնեական հետքերը, ներկայացրել որպես աղվանական եկեղեցի, իսկ աղվաններին` իբրև ադրբեջանցիների նախնիներ:

Բանախոսը, ընդգծելով, որ մշակութային ժառանգությունը գնահատվում, արժևորվում է պատմական օրիգինալությունը պահպանելու դեպքում, կոչ արեց ցուցաբերել ակադեմիական վերաբերմունք մշակութային ժառանգության հանդեպ` հավասարապես պատասխանատու լինելով ինչպես Գանձասարի վանքի, այնպես էլ մահմեդական որևէ հուշարձանի հանդեպ, եթե մենք ուզում ենք աշխարհին ներկայանալ որպես մի երկիր, որը հարգում է մշակութային ժառանգությունը` անկախ նրա էթնիկ, կրոնական պատկանելությունից: Սա, բանախոսի համոզմամբ, նպաստում է Արցախի մշակութային կերպարի տարածմանը:

«Մենք իրապես պահպանում ենք մշակութային բազմազանությունը, վերականգնում ենք Շուշիի մզկիթը և կարող ենք միանշանակ ասել, որ պահպանում ենք Արցախի մշակութային ողջ ժառանգությունը` անկախ նրա էթնիկ պատկանելությունից»,-նշեց Հ.Պետրոսյանը և  ուսանողներին կոչ արեց միանալ հնագիտական արշավախմբի աշխատանքներին: