Արցախի պետական համալսարան

111M   222M

Օրերս ԱրՊՀ իրավունքի ամբիոնը կազմակերպել էր միջոցառում` «Մարաղայի դատավարություն», որի ընթացքում իրավագիտություն մասնագիտության ուսանողներն ապացուցել են, որ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական ԶՈւ կողմից Մարաղա գյուղում կատարվածը  ցեղասպանություն էր:

Իրավունքի ամբիոնի վարիչ Ռ.Առուստամյանն ու ամբիոնի երիտասարդ դասախոսները հանդես եկան ելույթներով՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ներկայացնելով Մարաղայի գործողությունները: Նրանք հիշեցրեցին, որ Մարաղայի ցեղասպանությանը իրավական և քաղաքական գնահատական առայսօր տրված չէ:

Դռնբաց նիստում քննելով միջազգային քրեական գործը՝ իրավագիտության բաժնի ուսանողները հանդես եկան մեղադրանքով՝ պահանջելով Ադրբեջանի ԶՈւ պատասխանատու հրամանատարությանը մեղադրել ցեղասպան գործողությունների մեջ  և դատապարտել ցմահ ազատազրկման: Դա նրանց հաջողվեց ցեղասպանությունը վերապրածների և օտարազգի այլ վկաների ցուցմունքների վերարտադրությամբ:

Ամբիոնի նախաձեռնությունը ողջունեցին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Մխիթարյանը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ  Ա.Վաղարշյանը:

«Միջոցառումը տպավորիչ էր, պահանջված և արդիական,- ասել է ռեկտորը:- Անկախության սերունդը պետք է ոչ միայն հիշի, այլև իր կարողություններն ի սպաս դնի ազգային խնդիրների լուծմանը: Հուսանք` մեր ուսանողները հավատարիմ կմնան իրենց մասնագիտական առաքելությանը և կնվիրվեն ազգային գործին»:

«Ժողովուրդը, որ դասեր չի քաղում իր անցյալից, մոռանում է այն, դատապարտված է կորստյան: Մենք պետք է հիշենք հայոց անցյալը, դասեր քաղենք պատմությունից՝ պատրաստ և պատրաստակամ լինենք` դիմակայելու ձեռագիրը դար անց չփոխած թուրքին»,- ասում է Ա.Վաղարշյանը: