Ապրիլի 19-ին ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Եվգենյա Հայրիյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Բիզնես գաղափարի ներկայացում» իմիտացիոն միջոցառման ընթացքում բաժնի ուսանողները ներկայացրել են գործարար գաղափարները:
«Ֆինանսական պլանավորում» դասընթացի շրջանակներում կազմակերպված միջոցառումը, կազմակերպիչների խոսքով, մի կողմից դասընթացի շրջանակներում հաղորդված, մյուս կողմից՝ յուրացված գիտելիքների հաշվետվություն է: Ուսանողներն առաջադրեցին հանրային սննդի, հարսանեկան գործակալության, նորաձևության ստուդիայի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակման բիզնես գաղափարներ: Հանդես գալով իբրև ընկերությունների հիմնադիր՝ գործընկերները վարկատու կազմակերպությանը ներկայացրեցին նախ իրենց թիմը, ապա առաջարկվող ապրանքատեսակի կամ ծառայության նպատակը, խնդիրն ու լուծումը, շուկայի և մրցակիցների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները, շուկա մտնելու ռազմավարությունն ու ֆինանսական պլանավորումը:
Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ն.Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց դասընթացավարին՝ նկատելով, որ դասընթացն իրապես նպատակային էր ապագա տնտեսագետների համար. «Այսպիսի միջոցառումներով տեսանելի է դառնում դասընթացի շրջանակներում ուսանողների ձեռք բերած հմտությունները, որն իր հերթին հիմք է տալիս ասելու, որ ամբիոնը կադրեր պատրաստելու գործում ընտրել է ճիշտ ռազմավարություն»:
Միջոցառման ավարտին թիմերին ակտիվ մասնակցության համար ամբիոնի ղեկավարության կողմից հանձնվել են շնորհակալագրեր: