Արցախի պետական համալսարան

IMG g1  IMG g2

IMG g3  IMG g4

Ապրիլի 20-ին մեկնարկել են Համազգային հայ կրթական մշակութային միության և ԱրՊՀ  համատեղ նախաձեռնությամբ  կազմակերպված «Արցախում պետականության վերակերտում (1917թ դեկտեմբեր-1918թ հուլիս). պատմագիտական և քաղաքագիտական հայեցակետեր» խորագրով գիտաժողովի աշխատանքները:

Նախքան գիտաժողովի մեկնարկը` մասնակիցները ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Գիտաժողովի լիագումար նիստում ԱՀ ԱԺ փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը ողջունել և շնորհակալություն է հայտնել  գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա կարևորել հայության համար պատմական նշանակության իրադարձությունների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները:

«Այս միջոցառումները պետք է ծառայեցնել մեր պետականության զարգացմանն ու կայացմանը` գիտական գնահատական տալով մեր պետության զարգացման մի առանձին հատվածի` պետականության վերակերտման 100-ամյակին` միաժամանակ առատ նյութ ապահովելով մեր դիվանագիտությանը»,- նշել է Վ. Բալայանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը և այլք:

Ընդգծելով անցյալի պատմական իրողություններին գիտական գնահատական տալը` նախարար Ն. Աղաբալյանը նկատում է. «Մեզ հաջողվել է հաղթահարել պարտադրված պատերազմի պատճառած բոլոր դժվարությունները՝ փլատակներից ու ավերակներից վերականգնել տնտեսությունը, կառուցել նոր ենթակառուցվածքներ ու շինություններ, հաջողություններ արձանագրել կրթության, գիտության մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում, ամրապնդել մեր դիրքերն առաջնագծում, կատարելագործել մեր բանակը, կարևոր դիրք գրավել տարածաշրջանում և ունենալ ավելի լավ ապագայի տեսլական: Այն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է նորից համախմբվել ու առանց շեղվելու առաջ ընթանալ:Մեզ հուզող հարցերի պատասխանները մենք պիտի կարողանանք գտնել կառուցողական քննարկումներում: Վստահ եմ,որ այդպիսի հնարավորություն կընձեռի նաև այս գիտաժողովը»:

«Կարևորում եմ գիտաժողովի համար ընտրված թեման: Անհրաժեշտ է, որպեսզի բոլորս գիտակցենք, որ Արցախյան շարժումը հասակակից է ՀՀ առաջին հանրապետությանը: Այն մեկդարյա պատմություն ունի: Համոզված եմ, որ գիտաժողովը կնպաստի այս կարևոր թեմայի շուրջ նոր տեղեկությունների հավաքագրմանն ու տարածմանը»,- ասել է Ս. Շահվերդյանը:

Համազգային հայ կրթական մշակութային միության կենտրոնական վարչության անունից գիտաժողովականներին ողջույնի խոսք է հղել Սպարտակ Ղարաբաղցյանը. «Այս միջոցառմամբ մենք նպատակ ենք ունեցել գիտական հայացք ուղղել հայոց ազգային-ազատագրական պայքարին, որ սկսվեց հարյուր տարի առաջ: Լիահույս եմ, որ գիտաժողովը հասնելու է իր նպատակին և գրանցելու է շոշափելի արդյունքներ»:

Լիագումար նիստում «Քաղաքական գործընթացները և պետականության վերակերտմանն ուղղված քայլերը Արցախում (1917թ. փետրվար - դեկտեմբեր)» զեկուցումով հանդես է եկել Վ. Բալայանը, որից հետո պ.գ.թ., պրոֆեսոր,  Արարատ Վարդանյանի համանախագահությամբ գիտաժողովի աշխատանքները շաունակվել են մասնախմբերում: