Արցախի պետական համալսարան

30120306 1964576267203468 316548087 n

Հանգստություն գտնել նշանակում է խաղաղություն ունենալ մտքում և սրտում, իսկ հոգեկան ներդաշնակության հասնելու համար կարևոր է, որ մարդ օժտված լինի լավատեսությամբ, մշտապես դրական տրամադրվածությամբ, սեփական ուժերի հանդեպ անդրդվելի հավատով։ Ահա այս հատկանիշներով են ներարկված Խաչմաչ գյուղի բնակիչները։ Խաչմաչը Արցախի Հանրապետության հնագույն բնակավայրերից է։

 

Հեքիաթային գյուղի գաղտնիքը կայանում է հրաշագեղ բնության և գյուղի բնակիչների մեջ։ Խաչմաչ գյուղի անվան ծագման հետ կապված տարբեր տեսակետներ կան, որոնցից մեկի համաձայն գյուղը Խաչմաչ է կոչվել տարածքում բազմաթիվ խաչքարերի և եկեղեցական կառույցների առկայության պատճառով։ Մյուս տեսակետի համաձայն` չորս եղբայրներ են եղել, որոնցից յուրաքանչյուրի անունով Արցախում գյուղեր կան, և եղբայրներից Խաչիի անունով էլ գյուղը կոչվել է Խաչմաչ։ Գյուղի տարածքում գտնվող խաչքարերն ու եկեղեցիները Խաչմաչի հին պատմության վկայությունն են։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնադրվել է 1651թ., իսկ 2007թ. վերանորոգվել է բարերար Սեյրան Կարապետյանի հովանավորությամբ։ Այն գործող եկեղեցի է, և ամեն կիրակի եկեղեցու քահանա Տեր Առաքելի գլխավորությամբ  սուրբ պատարագ է մատուցվում։ Ի դեպ, ամուսնացող զույգերը իրենց կապը ամրապնդում են գյուղի եկեղեցում։

Համայնքի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը նշում էԽաչմաչում տարեցտարի բարելավվում են մարդկանց կենսապայմանները, ինչը և խթանում է ծնելիության մակարդակի բարձրացմանը: Պետք է նշենք մեկ կարևոր հանգամանք ևս. Խաչմաչից արտագաղթողներ չկան»։

Գյուղի դպրոցը կրում է Արցախյան ազատամարտի հերոս Շ.Սարգսյանի անունը։ Այն կառուցվել է 1903թ.: Նախկինում ութամյա է եղել, իսկ 1992թ. դարձել է միջնակարգ։ Մասնագետների պակաս գյուղում չկա, և այս պահին ամենալուրջ խնդիրներից մեկը մանկապարտեզի բացակայությունն է։ Անցած տարի երեխաների համար կառուցվել է խաղահրապարակ` նրանց ժամանցը ավելի հետաքրքիր ու ուրախ դարձնելու նպատակով։ Գյուղամիջյան ճանապարհները ամբողջովին սալահատակած են, գյուղը գազաֆիկացված է և ապահովված մշտական ջրով։

ԼՂՀ Կառավարության և «Խաչմաչ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2015 թ. կառուցվել է նոր, ժամանակակից պայմաններով համայնքապետարանի շենք, որտեղ տեղակայված են նաև բուժկետը, մշակույթի տունը, գրադարանը։ Ի դեպ «Խաչմաչ» հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին, որի տնօրենը Սերոբ Մնացականյանն է ` դպրոցի տնօրենը։

Գյուղի բարերարները գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի 2000 ԱՄՆ դոլար են նվիրում, իսկ ամուսնացող զույգերին` 1000-ական դոլար։

Ամռան ամիսներին գյուղում զբոսաշրջիկների պակաս չի նկատվում, օտարերկրացիները նույնպես գալիս և ծանոթանում են Խաչմաչի եկեղեցիներին և դիտարժան վայրերին։ Դրան նպաստել է նաև այն փաստը, որ գյուղում մի քանի տարի առաջ արցախյան ազատամարտի մասին ֆիլմ է նկարահանվել, և ֆիլմի ռեժիսորը արմատներով խաչմաչեցի Ջ. Ավետիսյանն է։

Խաչմաչեցիները շատ են սիրում իրենց գյուղը, չնայած բնակիչների մի մասը աշխատում է գյուղից դուրս, բայց նրանք ամուր են կառչած իրենց հողին ու արմատներին։ Գյուղի երիտասարդները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել և արցախյան պատերազմին, և ապրիլյան պատերազմին։ Խաչմաչեցիները աչքի են ընկնում նաև հյուրասիրությամբ, աշխատասիրությամբ, հայրենասիրական բարձր ոգով և խիզախությամբ, զբաղվում են իրենց սիրած աշխատանքով և ամենակարևորը` նրանք յուրահատուկ են իրենց ազնվությամբ։

 

Անգելինա Համբարձումյան

լրագր. 3-րդ կուրս