Արցախի պետական համալսարան

IMG at  IMG at2

IMG at3   IMG at4

Ապրիլի 26-ին ԱրՊՀ-ում կայացավ «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շնորհանդեսը, որին ներկա էին ուսանողներ համալսարանի բոլոր ֆակուլտետներից: Ծրագիրն իրականացնում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը` նպատակ ունենալով ԱՀ-ում  երիտասարդների միջոցով  զարգացնել սոցիալական  ձեռնարկատիրությունը:

Խոսելով ծրագրի անհրաժեշտության մասին` պատասխանատուներն ընդգծում են, որ երիտասարդության սոցիալական զարգացվածության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ընդգրկվածությունն է բերում երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր զարգացման: Թե քաղաքաբնակ, թե գյուղաբնակ երիտասարդներն ունեն բազմաթիվ և տարաբնույթ խնդիրներ, որոնք որքան նմանություններ ունեն, այնքան էլ տարբեր են` ելնելով աշխարհագրական, սոցիալական, տնտեսական գործոններից և հնարավորությունների առկայությունից կամ բացակայությունից: Ծրագիրը նախատեսում է դասընթաց, որի բանախոսներն են «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սուրեն Մխիթարյանը և փոխնախագահ Արեգ Թադևոսյանը: 

Ա.Թադևոսյանի խոսքով, սոցիալական ձեռնարկատիրությունն այն է, երբ հիմնադրվում է բիզնես սխեմա` համայնքային որոշակի խնդիր լուծելու համար: Այդ նպատակով, երեք տարի աշխատելով 27 կազմակերպությունների հետ, ՀՀ-ում հիմնեցին սոցիալական 10 ձեռնարկություններ, որոնք ՀՀ տարբեր մարզերում փորձում են օգնել իրենց համայնքների զարգացմանը: Ըստ բանախոսի` ուղղությունները տարբեր են` գյուղատնտեսություն, ԱյԹի և այլն: «Մտածեցինք նման սխեմա Արցախում ևս կիրառել, որովհետև հիմնականում խնդիրների դաշտը նույնն է, լուծման հնարավորություններն էլ բավականին ցածր են: Դրա համար նպատակ ունենք ընտրել մարդկանց, պատրաստել մասնագետներ, որի արդյունքում կձևավորվեն սոցիալական ձեռնարկություններ, որոնք էլ կնպաստեն համայնքների զարգացմանը` տարբեր ուղղություններով»,-նշում է Ա.Թադևոսյանը: