Արցախի պետական համալսարան

IMG IV  IMG IV1

Այսօրվա մեր հերոսուհին ոչ միայն ցանկացավ տեսնել ու ճանաչել, այլ նաև մնալ ու իր փոքրիկ ներդրումով նպաստել Արցախին։ Վիոլետա Բաղդասարյանը ծնվել է ՀՀ-ում: Սովորում էր ԵՊՀ սոցիոլոգիայի բաժնում: Երրորդ կուրսում էր, երբ սիրահարվեց ու ամուսնացավ: Ամուսնու հետ ապրում էին ՀՀ-ում:

 Ամուսինը զինծառայող է. 2017 թ.-ին գործի բերումով պետք է տեղափոխվեր Արցախ։ Վիոլետան, թողնելով ամեն ինչ, առանց մտածելու ամուսնու հետ եկավ Արցախ: Կրթությունը չթողնելու համար նա որոշեց ուսումը շարունակել Արցախի պետական համալսարանում, և քանի որ ԱրՊՀ-ում չկար սոցիոլոգիա բաժինը, ստիպված ընդունվեց լրագրության բաժինը: Մեկ տարի չանցած` ընտանիքով որոշեցին փոքրիկ բիզնես սկսել: Եվ բացեցին թեյի ու սուրճի մասնագիտացված փոքրիկ խանութ: Այսօր Վիոլետան իր ընտանիքի հետ շարունակում է ապրել, աշխատել, կրթություն ստանալ ու մնալ Արցախում: Ձեզ ենք ներկայացնում նրա հետ ունեցած մեր զրույցը.

-Վիոլետա, արդեն մեկ տարուց ավելի է` ինչ գտնվում եք Արցախում, արդյո՞ք այս կարճ ժամանակահատվածում կարողացաք սիրել Արցախը։

-Անկեղծ ասած, մեկ տարի այստեղ եմ, բայց նոր եմ սկսել սիրել ու ճանաչել Արցախը. մինչև չեմ գնացել Դադիվանք, Տիգրանակերտ, Շուշի, Գանձասար և այլ տեղեր, չեմ հասկացել ու զգացել Արցախի քաղցրությունը, իսկ հիմա առավել ևս շատ եմ սիրում Արցախը:

-Ինչպե՞ս ծագեց Արցախում փոքր բիզնեսով զբաղվելու գաղափարը, արդյո՞ք վախ չկար, որ կարող եք ավելի շատ տուժել, քան օգուտ ստանալ։

-Փոքր բիզնես շատ վաղուց էի պլանավորել, բայց Հայաստանում, թե Արցախում չգիտեի, ու քանի որ հանգամանքների բերումով տեղափոխվեցի Արցախ, արդեն իրագործելու ժամանակն էր։ Իհարկե, կասկածներ կային, որ մարդկանց կողմից կարող է չընդունվել այն պատճառով, որ ես Արցախից չեմ և այլ պատճառներ, բայց հիմա շատ գոհ եմ, թե ինքս իմ կատարած աշխատանքից, և թե մարդկանց վերաբերմունքից, ովքեր տեսնում ու գնահատում են իմ կատարած աշխատանքը:

-Եվ ուսանող, և ամուսնացած կին, և անհատ ձեռնարկատեր: Արդյո՞ք այս երեքը մեկը մյուսին չի խանգարում:

-Իհարկե դժվար է երեքը մեկում, շատ դժվար է, բայց աշխատում եմ օրս բաժանել մասերի և օպերատիվ օգտագործելով` երեքն էլ հասցնել: Առավոտյան ես ուսանող եմ, կեսօրին «businesswoman», իսկ երեկոյան ընտանիքի հոգսերը հոգացող կին:

-Ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք, համալսարանն ավարտել ու վերադառնալ Հայաստա՞ն, թե՞ մնալ ու զբաղվել ձեր փոքր բիզնեսով:

-Դե եթե բիզնես ստեղծել եմ Արցախում, կշարունակեմ ընդլայնել այստեղ, բացի այդ, ուզում եմ ինչ- որ փոքր ներդրումով ես ևս նպաստել Արցախի շենացմանը:

-Գործի բերումով Ձեր ամուսնու հետ տեղափոխվեցիք Արցախ` ՀՀ-ում թողնելով ամեն ինչ՝ թե ծնողներ, հարազատներ, թե ընկերներ և թե ուսում, արդյո՞ք դժվար չէր այդպիսի որոշում կայացնել:

-Եթե սիրում ես, հանուն քո սիրո պատրաստ ես ամեն ինչի, և ես սիրելով եմ եկել ու մինչև հիմա չեմ փոշմանել ոչ մի արածիս համար: Իհարկե այնտեղ թողել եմ ընտանիք, ընկերներ և ուսում, բայց վերագտել եմ այստեղ ինքս ինձ:

-Երբ զինծառայողը հանգամանքների բերումով պետք է տեղափոխվի մի տեղից մյուս տեղ, շատ ընտանիքներ կանգնում են փաստի առաջ: Դուք` որպես զինծառայողի կին և այդ ամենի միջով անցած մարդ, ինչպե՞ս եք մոտենում այդ հարցին։

-Միանշանակ, որտեղ` ամուսինը, այնտեղ էլ` կինը: Չկա որևէ մեկ այլ տարբերակ, իհարկե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

-Արցախ գալով ընտրեցիք և ընդունվեցիք լրագրություն բաժինը, իսկ լրագրությամբ զբաղվել և աշխատել Ձեր պլաններում կա՞։

- Ես ուզում եմ շարունակել այն, ինչ սկսել եմ, բայց ես չեմ սկսել ուսումս լրագրությամբ: Իհարկե, կավարտեմ լրագրությամբ, բայց կաշխատեմ նրանով, ինչով որ սկսել եմ:

-Ինչպե՞ս ընդունեց Արցախը Ձեզ, օտար շրջապատին հարմարվելը դժվա՞ր էր, թե՞ շատ հեշտ կարողացաք հարմարվել Արցախի հասարակությանն ու արցախյան կյանքին:

-Սկզբնական շրջանում այդքան էլ չեմ շփվել Արցախի ժողովրդի հետ, քանի որ, անկեղծ ասած, տարբերություն կար, և հենց առաջինը լեզվի մեջ, որովհետև, երբ իմ շրջապատում խոսում էին, ես կամ չէի հասկանում, կամ էլ կիսով չափ էի հասկանում, և դա շատ էր խանգարում իմ հարմարվելուն, բայց հիմա ես ոչ միայն հարմարվել ու համարյա ամբողջովին հասկանում եմ արցախյան բարբառը, այլ նաև փորձում եմ խոսել այդ բարբառով:

- Ի՞նչ կմաղթեք Արցախ աշխարհին:

-Մաղթում եմ, որ հայոց սուրբ հայրենիք Արցախում միշտ լինի խաղաղություն:

Զրույցը` Մարիամ Գրիգորյանի, լրագր. 3-րդ կուրս: