Մայիսի 7-ին բանասիրական ֆակուլտետում կազմակերպված միջոցառումը նվիրված էր ազատամարտիկ-բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանին:
Ֆակուլտետի ուսանողները ներկայացրեցին «պատերազմող զինվորի համազգեստում» «չափածո կրակող» բանաստեղծի` ծավալով համեստ, բայց խոսուն գրական ժառանգությունը, ասմունքեցին հատվածներ նրա չափածոյից և գեղարվեստական մանրապատումներ հիշեցնող օրագրային գրառումներից, նաև հայ գրականության երևելիների կարծիքներ` բանաստեղծի և նրա պոետական հայտնությունն ազդարարող «Գոյության պատրանք» գրքի մասին:
Կ.Հակոբյանի գրական յուրատիպ ժառանգությունը հերթական անգամ արժևորեցին նրա դասախոսներն ու Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչները, ապա միջոցառմանը հրավիրված բանաստեղծի մայրը, եղբայրը, քույրերը, զարմիկներն ու զարմուհիները:
Մայրն ու քույրերը երախտագիտություն հայտնեցին Կ. Հակոբյանի հիշատակն անմար պահելու, նրան՝ որպես բանաստեղծի պարբերաբար անդրադառնալու և արժևորելու համար:
«Գրիչն ու ավտոմատը մեկտեղած քեռուս ստեղծագործություններին ծանոթանալուց հետո հասկացա, որ մենք կորցրել ենք ոչ միայն խոստումնալից գրական գործչի և զինվորականի, այլև պետականության գաղափարներով տոգորված ապագա գործչի: Սակայն հոգ չէ, նա արժեքներ կերտեց, փոխանցեց մեզ: Նա չեղավ, որ մենք ապրենք»,-ասում է նրա զարմուհին:
Բանասիրական ֆակուլտետի դեկան Լ.Մարգարյանն էլ, ով Կ.Հակոբյանին ճանաչել է պատվո և հերոսության վահանակից, շնորհակալություն հայտնեց բանաստեղծի մորը՝ տիկին Սեդային՝ Կոմիտաս ծնելու և ազգի փրկության զավակը դարձնելու համար: Լ.Մարգարյանը հավաստիացրեց, որ ներկայիս սերունդը կրթվում և դաստիարակվում է կոմիտասների կյանքի և վարքի դասերով: