Ավանդույթի համաձայն` մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի մայր բուհում արիության դաս է վարել ԱՀ ՊՆ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որին ներկա էր նաև ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:
Նախքան միջոցառման մեկնարկը` ներկաները ծաղիկներ են խոնարհել զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը կարևորել է հայ ժողովրդի համար իրադարձային նշանակության տոների վերարժևորումն ու արյան գնով նվաճված հաղթանակներին անդրադառնալը:
«Ներկայի սերունդը սխալվելու իրավունք չունի: Մենք ձեզ հետ միասին պիտի հիշենք պատմության դառը դասերն ու առաջնորդվենք առողջ տրամաբանությամբ ու բանականությամբ»,- երիտասարդներին հորդորում է ռեկտորը` հղում անելով արդի աշխարհաքաղաքական և ներքաղաքական վիճակին:
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է հայկական բանակի անցած ուղին ու ներկան, հակամարտության ներկայիս փուլը, ձեռքբերումներն ու շփման գծում տիրող իրավիճակը:
Ռազմաքաղաքական խմորումների համատեքստում անդրադառնալով մեր տարածաշրջանի առանձնահատկություններին` նախարարն իրավիճակը գնահատեց ուղղահայաց և հորիզոնական տեսանկյուններից` նկատելով, որ Կովկասը այդ երկուսի հատման կետում է, ասել է թե` խաչմերուկում, ուստի մեր առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է:
Դառնալով բանակաշինության ներկայիս փուլին` Լ.Մնացականյանը ներկայացնում է զինտեխնիկայի և կենդանի ուժի համալրմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը. «Ժամանակն է դադարել ժամկետային զինծառայությունը որակել իբրև պարտադիր: Այն, ինչ պարտադիր է, չի կարող արդյունք տալ, ծառայությունը, մարտական հերթապահությունը պետք է միաժանամակ գրավիչ ու հաճելի լինի»,- ասում է նախարարն ու հիշեցնում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը:
Բանախոսության ավարտին ուսանողները հարցեր են ուղղել նաև նախարարին: Հարցին`երկրի անվտանգությունը պահպանում են քաղաքագետները, թե՞ զինվորականները, Լ.Մնացականյանը պատասխանում է. «Երկրի անվտանգությունը պահպանում է ժողովուրդը, իսկ քաղաքագետն ու զինվորականը նույն ժողովուրդն է, որ ժամանակավոր իրականացնում է այս կամ այն գործառույթը»:
Հարցին պատասխանել է նաև ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը. «Երկիրը պահում են ես, դու, երկիրը պահում ենք մենք` ամեն մեկս մեր տեղում»: Հարցի պատասխանից ածանցվեց նաև նախարարի`տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման հորդորը. «Տեղեկատվությունն այսօր առավել քան երբևէ լուրջ մարտահրավեր է ներկայացնում իրենից հատկապես սոցիալական ցանցերում: Պատասխանատու լինենք ամեն տեսակի ինֆորմացիա ստանալիս և տարածելիս, քանզի այն կարող է իրավիճակ փոխել նաև սահմանին»:
Հանդիպման վերջում Մ.Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախարարներին` հավաստիացնելով, որ մայր բուհը պատրաստակամ է հարկ եղած դեպքում կանգնելու բանակի կողքին:
Հավելենք, որ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հանդիպման ընթացքում ԱրՊՀ գրադարանին է նվիրել «Ապրիլյան քառօրյա առճակատում» և «Հայացք դրսից» գրքերը: