«ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

10.05

2018

070  066

Մայիսի 10-ին հոգեբանական կենտրոնի կողմից կազմակերպվեց դասընթաց` «Կյանքի իմաստի և հոգեկան առողջության կապը» խորագրով: Դասընթացը վարեց հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը, ում կարծիքով կյանքի իմաստի բացակայության պայմաններում առաջանում է հոգեկան աշխարհի ու հոգեկան գործընթացների դեֆորմացիա:

Նա նշեց, որ անձի սոցիալական օտարման հարաճուն պայմաններում սպառողական գիտակցությունը մարդկանց մեջ առաջացնում է իրերի և երևույթների, դեպքերի ու իրադարձությունների հակասական ընկալում, ինչի արդյունքում արժեզրկվում են անանցն ու հավերժականը, հետևաբար անկայուն և երերուն է դառնում ոչ միայն ներկան, այլև ապագան: Շատ կարևոր է բարու և չարի բարոյական ընտրությունը, որով իմաստավորվում է կյանքը, տառապանքն ու հաճույքը: Կյանքի իմաստի որոնումը օգնում է կազմել ոչ թե սակավառիսկ, կարճաժամկետ նախագծեր, այլ ունենալ վստահություն ու լիարժեք հեռանկարներ: Դասընթացին ներկայացվեցին հոգեկան առողջության բոլոր չափանիշները, մասնավորապես «Նորմ» հասկացությունը: Մատնանշվեցին հոգեկան առողջության պահպանմանն ուղղված հիմնական ուղիները, որով, ըստ հոգեբանի, բոլոր ունկնդիրները փորձեցին իմաստավորել իրենց սուբյեկտիվ հոգեկան բարեկեցությունը: Դասընթացում ներկայացված օրինակները բեկվում էին առօրյա դեպքերի, իրադարձությունների, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների միջով, ինչը մատուցվող նյութը դարձնում էր առավել մատչելի և իմաստավորված: