ԿԱՅԱՑԱՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ

15.05

2018

IMG ol1  IMG ol2

IMG ol3  IMG ol4

Մայիսի 10-ին տեղի ունեցավ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հայոց լեզվի օլիմպիադա: Նախաձեռնողը ակ. Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնն է: Հարցաշարը կազմվել է բ.գ.թ., դոցենտ Շ.Սաղյանի կողմից: Միջոցառման նպատակն էր ոչ միայն ստուգել տարբեր ֆակուլտետների ուսանողների լեզվական գիտելիքների, գործնական ունակությունների աստիճանը, այլև համալսարանում ամրապնդել լեզվական մշակույթի նկատմամբ լուրջ վերաբերմունքը: Սա վերաբերում է ոչ միայն ուսումնական ընթացիկ ծրագրով հայոց լեզու ուսումնասիրողներին, այլև բարձր կուրսի ուսանողներին: Մտքի ճիշտ և գրագետ ձևակերպումը համընդհանուր պահանջ է բոլորի համար: Այս տեսակետից ակնկալվում է, որ տարեցտարի մասնակիցների քանակի փոփոխություններ կլինեն:

Անցկացված օլիմպիադայի արդյունքները վկայում են այն, որ ուսանողների մակարդակը բավարար է և անընդհատական ուշադրության ու ցանկության պարագայում ավելի լավ արդյունքներ կարձանագրվեն: Նշենք, որ առավելագույն միավոր հավաքել է ՀԼԳ 2-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Արզումանյանը:

Ներկայացնենք օլիմպիադային ներկայացված «Արցա՛խ, ես քեզ հետ եմ» շարադրության հաջողված հատվածներից:

«Չգիտեմ ինչու, բայց ես միշտ Արցախը համեմատում եմ մանուշակի հետ: Արցախը տարածքով շատ փոքր է, բայց չափազանց մեծ՝ հայրենասիրությամբ: Մանուշակն էլ փոքր է, բայց բուրումնավետ:

Իմ Արցա՛խ-մանուշա՛կ, թող միշտ խաղաղ երկնքի տակ բացվեն քո գարունները:

Արցա՛խ, ես միշտ քեզ հետ եմ, եղել եմ և կլինեմ…

Բուրիր, հավերժիր և շուրջդ համախմբիր համայն հայությանը»: Սոնա Մուսայելյան, ՀԼԳ-II

«Արցա՛խ, ես քեզ հետ եմ իմ անսահման հույսով….

Արցա՛խ, ես քեզ հետ եմ իմ անսահման հավատով….

Արցա՛խ, ես քեզ հետ եմ իմ անսահման սիրով: Ես պատրաստ եմ ամեն ինչ զոհաբերել այդ սիրուն: Եվ երբ գա ժամանակը, ես իմ մայրական սերն էլ կզոհեմ և հպարտ սրտով իմ զավակին կուղարկեմ բանակ»: Հերմինե Արզումանյան, ՀԼԳ-II

«Շատ եմ սիրում հայրենիքս և կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է սիրի այն: Հին է հայրենիքս՝ հայոց աշխարհում գտնվող Արցախը՝ աշխարհից հեռու մի սրբացված հողակտոր, որտեղ թափված են նախնիներիս արյունը, քրտինքն ու արդյունքը, որտեղ թաղված են իմ հանճարեղ նախնիների սուրբ աճյունները»: Պարույր Մարտիրոսյան, Զբոսաշրջություն-I

«Երբ ես երազում եմ արևկեզ ասֆալտին, ուզում եմ, որ ինձ շոյող հայրենիքն էլ տեսնի իմ երազանքը, իմ մեծ փափագը նրան ծաղկած տեսնելու: Ու եթե անգամ իմ լազուր երկինքն ու մի կերպ կարդացվող «ազատությունը» մնան անցորդների կոշիկների տակ, ուրեմն ավելի լավ՝ երազանքս տարածվում, ներկում է խաղաղ կապույտով ամբողջ Արցախը»: Շողեր Սարգսյան, Լրագրություն-I

«Շողաշատ է մեր երկինքը, այն այսօր պայծառ է, ինչպես երբևէ, քանի դեռ ես եմ Արցախը, դու ես, նա է: Քանի դեռ մենք կանք, Արցախը մենակ չէ: Հիմա արդեն հորից որդի մենք ենք տերը մեր երկրի, մենք պետք է ասենք. «Արցա՛խ, իմ երկի՛ր, իմ հա՛յ հող, ես քոնն եմ, ես քեզ հետ եմ»»: Ալյոնա Իսրայելյան, Լրագրություն-I

«Արցախը հզոր է, քանի որ Արցախի զինվորը մենակ չէ, նրան է սպասում մի ողջ ազգ: Այդ ազգը նույնպես պայքարում է և երբեք իր զինվորին մենակ չի թողնի:

Ես էլ եմ ասում. «Արցա՛խ, ես քեզ հետ եմ: Քեզ հետ է իմ ընտանիքը, ազգն ու գերդաստանը: Արցա՛խ, քեզ հետ է ողջ հայությունը»: Անի Ազատյան, Անգ. լ. և գրակ.-I