Մայիսի 16-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ «Արցախի Հանրապետության ներդրումները 1995-2016 թվականներին» թեմայով կազմակերպված ճանաչողական ընթերցումներին հրավիրված էին Ստեփանակերտ քաղաքի ավագ դպրոցների աշակերտներ:
Ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը ողջունել է աշակերտներին մայր բուհում, դպրոցների ղեկավարությանը շնորհակալություն հայտնել համագործակցության համար, ապա կարևորել բուհ-դպրոց կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումները, որոնցից մեկն էլ փոխադարձ ճանաչողական այցերն են:
«Այսօր հպարտությամբ եմ նշում, որ մեր բուհի, առանձնապես մեր ֆակուլտետի շրջանավարտները տարբեր ոլորտներում հաջողած մասնագետներ են, ասել է թե` պետության կերտման և շենացման գործում անմնացորդ նվիրյալներ»,- ֆակուլտետի գործունեության մասին խոսելիս նշել է դեկանը` հույս հայտնելով, որ տնտեսագիտության ֆակուլտետի շարքերը, ի դեմս ներկաների, կհամալրվեն գաղափարապես առողջ և հասուն երիտասարդներով:
Ներկաներին ողջունել են նաև տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ Իրինա Իշխանյանը և ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանը, որից հետո ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողներ ներկայացրել են ֆակուլտետի անցած ուղին ու գործունեությունը, ապա և հանդես եկել «Արցախի Հանրապետության ներդրումները 1995-2016 թվականներին» թեմայով ճանաչողական ընթերցումներով:
Միջոցառման վերջում ֆակուլտետի ղեկավարությունը գրքեր է նվիրել դպրոցների ներկայացուցիչներին և հետագա ակտիվ համագործակցության հույս հայտնել: