Արցախի պետական համալսարան

IMG hh1  IMG hh2

IMG hh3   IMG hh4

Մայիսի 18-ին կայացել է ուսումնական տարվա ուսանողական համագումարը, որի ընթացքում ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուները հանդես են եկել հաշվետվությամբ:

Կանոնակարգի համաձայն` ուսանողական համագումարը գումարվում է տարեկան մեկ անգամ` օրակարգում ընդգրկելով ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

Համագումարի պատվիրակներին ողջույնի խոսք է հղել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ամփոփել ուսանողական խորհրդի կատարած աշխատանքները, անդրադարձել որոշ խնդիրների և բացթողումների:

Ռեկտորն, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատել ուսխորհրդի աշխատանքը` նկատելով, որ այն, նախորդ տարիների համեմատ, գրանցել է որակական աճ. «Այս տարի բավական ակտիվ են եղել ուսանողական խորհրդի աշխատանքները, քանակապես շատ էին միջոցառումները, սակայն մենք դեռևս անելիքներ ունենք համալսարանի կառավարմանը ուսանողների գործուն ներգրավվածության հետ կապված, և ոչ միայն»:

Ռեկտորը նաև շնորհակալություն է հայտնել համալսարանի ողջ անձնակազմին ուսանողական կառույցների հետ տարվող աշխատանքի համար` հորդորելով բարելավել մատուցվող ծառայությունների որակը:

2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների հաշվետվությամբ հանդես է եկել ՈւԽ նախագահ Դիանա Խաչատրյանը, ներկայացրել կառույցի նախաձեռնությամբ իրականացված միջոցառումները` հատկանշելով «Ուսանող-աշակերտ-զինվոր» ծրագիրն ու Ուսանողական ֆորումը:

Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունից հետո հաշվետվությամբ հանդես են եկել նաև ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահները` առաջարկելով ՈւԽ աշխատանքը գնահատել բավարար: Համագումարը ընտրել է նաև վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմ:

Համագումարի ընթացքում ելույթներով հանդես են եկել ֆակուլտետի դեկանները, դրական գնահատել կատարած աշխատանքը, ընդգծել ուսանողական կառույցների դերը համալսարանի կյանքում:

Համագումարը եզրափակվել է մշակութաժամանցային միջոցառմամբ: