Արցախի պետական համալսարան

 

13  15

«Գրոց տուն»  ակումբում արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր ամիս կազմակերպել  հանդիպում գրողների հետ`  տարբեր գրքերի քննարկումներին զուգընթաց: Մինչ օրս ակումբը կազմակերպել է տարաբնույթ գրքերի քննարկումներ,ինչպես՝  Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» , Անտոնիա Արսլանի «Մշո գիրք», հանդիպումներ Արցախի գրողների հետ: 

Մայիսի 16-ին ակումբի  հյուրն էր գրող Ծովինար Բաղդասարյանը։Նա ակումբի ընթերցողներին ներկայացրեց իր «Աշնան ծաղիկներ» գիրքը: Միջոցառմանը ներկա  էին հյուրեր, ուսանողներ և հանրային գրադարանի ընթերցողներ: 
 ԱրՊՀ պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը  իր ելույթում նշեց, որ Ծովինար Բաղդասարյանը կյանքն ընկալում է արվեստագետի դիտակետից:

«Թարգմանությունն արվեստ է...Ծովինարի բանաստեղծությունը թարգմանելիս մեծ հաճույք եմ ստացել։ Նրա ստեղծագործությունները ռուսերեն են, բայց նրա ապրումները, աշխարհի ընկալումները՝ հայկական»,- նշում է բանաստեղծ Սոկրատ Խանյանը։

 

«Հուզումնալից և հետաքրքիր հանդիպումը, շփումն իմ և բոլոր մասնակիցների մոտ թողեց ջերմ հիշողություններ»,-խոստովանեց ակումբի անդամներից Թամարա Խաչատրյանը` անհրաժեշտ համարելով նման միջոցառումների կազմակերպումը:       

 

Մասնակից ուսանողները միջոցառումը կարևորում են նրանով, որ երիտասարդ սերունդը  հնարավորություն է ունենում ճանաչելու, գնահատելու Արցախում ստեղծագործող գրողներին և անմիջականորեն շփվելու նրանց հետ:

 

Սոնա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

ՀԼԳ, 2-րդ կուրս