Արցախի պետական համալսարան

IMG 3136   IMG 3063

IMG 3152   290A9801

Շուշիում տեղի ունեցած Ամերիկայի Հայ իրավաբանական միության տարեկան համաժողովի շրջանակում ԱՄՆ-ից և Կանադայից ավելի քան 40 իրավաբաններ` Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Արցախի մայր բուհում` ծանոթանալու միության հովանավորությամբ գործող ԱրՊՀ իրավաբանական կլինիկայի աշխատանքների ընթացքին:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի շրջանակում մայր բուհ այցելելու, իրավաբանական կլինիկայի գաղափարի կյանքի կոչմանն աջակցելու և նրա աշխատանքների հաջողությանը հետամուտ լինելու, Ռուբեն Մելիքյանին` գործուն աջակցության համար:

«Տարիների մեր երազանքն այլևս իրողություն է, և դա շնորհիվ գործուն այն աջակցության, որ ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել միությունը: Այն միանգամից մի քանի խնդիր է լուծում. նախ ուսանողները ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն են ստացել, ապա այն լուծում է նաև սոցիալական խնդիր` սպասարկելով հանրությանը»,- նշել է  ռեկտորը:

Արցախի ՄԻՊ Ռ.Մելիքյանը, միության ատենապետն ու անդամները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցելու կլինիկայի աշխատանքներին, սատարելու նրա նախաձեռնությունները: Վերջիններս ողջունել են ուսանողների ընդգրկվածությունը կլինիկայի աշխատանքներում, կոչ արել լինել «համարձակ, լայնախոհ, թիրախասլաց»:

Ընթացիկ ժամանակահատվածում իրավաբանական կլինիկայում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես են եկել իրավունքի ամբիոնի դասախոս Ա.Դանիելյանն ու Տ.Միքայելյանը, որից հետո հանդիսավոր պայմաններում վկայագրեր են հանձնվել  կլինիկայի դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին: