Արցախի պետական համալսարան

33691374 238007830303072 8719334255752118272 n 33831247 238007780303077 3281372365811875840 n

Ասկերանի շրջանի Հարավ գյուղը մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է 14 կմ հեռավորության վրա։ Գյուղը  գտնվում է բարձրաբերձ մի  լեռան վրա` մայրաքաղաք  Ստեփանակերտից  մի քանի կմ բարձրությամբ։ Իր սրբավայրերով հայտնի Հարավ գյուղի բնությունը հեքիաթային գեղեցկությամբ է հայտնի:

Գյուղի մեծահասակ բնակիչները պատմում են բնակավայրի ծագման պատմության  մասին.Հարավ  գյուղը նախկինում կոչվում էր Հարար, հարարցիները  եղել են Գորիսի նախկին բնակիչներ։ Շատ տարիներ առաջ Գորիսից բնակչության մի փոքրիկ մաս տեղափոխվել է  Ասկերանի շրջանի Հարար կոչվող գյուղը։ Նախկին Հարարը գտնվում է ներկայիս Հարավ գյուղից վերև գտնվող  Սեգիկտու կոչվող սրբավայրի մոտ։ Հարավցիները պատմում են, որ նախկին Հարար գյուղը այժմ մնացել է հողի տակ, նրանք վստահ են, որ  պեղումների միջոցով հնարավոր կլինի գտնել հողի տակ մնացած գյուղը։ Շատ առեղծվածային պատմություններով է հայտնի Հարարը։ Ասում են,որ մեծահարուստ մի մարդ իր ունեցվածքը Հարարի տարածքով անցկացնելիս կորցրել է մեծ քանակով ոսկյա իրեր, և մինչև այսօր էլ  ոչ ոք չգիտի, թե որտեղ  է անհետացել այդ  հարստությունը։ Որոշ ժամանակ անց Հարար գյուղի բնակիչները  նախկին գյուղից տեղափոխվել են  հարավում գտնվող մի հարթ ու հարմար տարածք, որից էլ առաջացել է Հարավ  գյուղի անունը։ Այժմ հարավը բոլորին հայտնի է իր քարի հանքերով։ Հարավում գործում են մի քանի քարի հանքեր, որոնց շնորհիվ հարավցիները ապահովված  են աշխատատեղերով։  Հարավում գործում է դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, գրադարան։
Արցախյան գոյամարտի ժամանակ Հարավը տվել է 19 զոհ, սակայն 2016 թվականի դեկտեմբերին մարտական առաջադրանքը կատարելիս զոհվեց 30 -ամյա Էրիկը։ Հարավցիները միշտ հիշում են գոյամարտի ժամանակ զոհված համագյուղացիներին։ Մայիսյան եռատոնի կապակցությամբ մայիսի 8- ին Հարավում  Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան գոյամարտի ժամանակ զոհված հայորդիների հիշատակին կառուցված և վերջերս վերանորոգված հուշակոթողին ծաղիկներ դրվեցին` վերահաստատելով նրանց պատգամին հավատարիմ մնալու կամքը։ Հոշակոթողը  և շրջակա տարածքը վերակառուցվել է վերջերս, Ասկերանի շրջվարչակազմի տրամադրած ֆինանսի  և Հարավում գործող քարհանքերից տրամադրած քարե սալիկների շնորհիվ։ Հարավցիները մեծ ոգևորությամբ և ջանասիրությամբ աշխատում էին հուշակոթողը վերջնական տեսքի բերելու համար, օգնում թե ֆիզիկական ուժով, թե մի բաժակ թեյ հյուրասիրելով։ Այսօր էլ Հարավում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Բարենորոգվում  է Հարավ տանող ճանապարհը։ Մի քանի օրվա ընթացքում  լայնացվել ու ավելի բարեկարգ են դարձել ճանապարհները։ Հարավը շատ խելացի մարդիկ է տվել։ Արցախի գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը ևս Հարավից է, ում գրական ժառանգությունը զգալի նշանակություն ունի Արցախի գրականության զարգացման գործում։
 
Ինչպես նշեց Հարավի համայնքի ղեկավարը, գյուղը   ապահովված է  ամեն ինչով, երիտասարդության մեծ մասը աշխատում է քարհանքերում, մի մասը` դպրոցում, իսկ որոշներն էլ Ստեփանակերտում։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Գյուղը աճող և զարգացող բնակավայր էսակայն ունի մի խնդիր. եկեղեցու բացակայությունն է։ Հարավցիների երազանքն է գյուղում գործող եկեղեցի ունենալը։
«Մենք ունենք մի բաղձալի երազանք. տեսնել մեր գյուղը բարեկարգ փողոցներով, լապտերներով, խաղահրապարակով, և իհարկե, որը յուրաքանչյուր հարավցու երազանքն է, ունենանք գործող եկեղեցի»,-ասում են հարավցիները:  

Վարդուհի Գասպարյան

Լրագր. 3-րդ կուրս