Արցախի պետական համալսարան

33830489 384567378721184 1691506443565400064 n   33775354 384580898719832 1327926943584092160 n

Հարցազրույց ՊԲ N զորամասի հոգևոր սպասավոր ՄՄկրտչյանի հետ

Զինված ուժերում հոգևոր սպասավորը գործ ունի զինվորականի հետ: Զինվորականության մեջ տարածել և ամրապնդել հոգևոր արժեքներ, դավանաբանական սկզբունքներ, սովորեցնել ճիշտ գնահատել և պահպանել հոգևոր ու ազգային դարավոր արժեքները, սերմանել սեր առ Աստված. ահա այն առաջնահերթությունները, որոնք կարևորում է ՊԲ N զորամասի հոգևոր սպասավոր ՄՄկրտչյանը, ում հետ այս և հարակից մի շարք հարցերի շուրջ զրուցել է լրագր. 3-րդ կուրսի ուսանողուհի Վիոլետտա Բաղդասարյանը:

-Բարեշնորհ սարկավագ, ինչու՞ ընտրեցիք հոգևորականի կյանքը:

- Դժվար է միանշանակ պատասխանել, թե ինչու ընտրեցի հոգևորականի կյանքը, քանի որ իմ պարագայում մի փոքր այլ էր։ Դպրոցն ավարտելուց հետո հանգամանքների բերումով ընդունվեցի Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Այստեղ ես ավելի շատ ցանկացա կրթություն ստանալ, քան դառնալ հոգևորական, քանի որ ինձ համար մարդը առաջին հերթին պիտի կրթվի, որպեսզի կարողանա ծառայել իր հայրենիքին, իր ազգին և իր ժողովրդին։ Մեկ տարի սովորելուց հետո հասկացա, որ կարող եմ որպես հոգևորական ծառայել հայ առաքելական եկեղեցուն և իմ նպաստը բերել մեր ժողովրդի հոգևոր զարգացմանը։

-Ո՞րն է զորամասում Ձեր խնդիրը և ի՞նչ իրավասություն ունեք այդ խնդիրների լուծման համար:

- Զինվորները զորամասում ստանում են բազմակողմանի դաստիարակություն և կրթություն։ Նրանք պատրաստվում են մարտի և ֆիզիկապես, և մտավոր ձևով, և այստեղ նաև կարևոր գործոն է հանդիսանում հոգևորը՝ հոգևոր դաստիարակությունը։ Դարեր շարունակ հայ առաքելական եկեղեցին է կրթել մարդու հոգևոր պատրաստվածությունը։ Այսպիսով` որքան ամուր է զինվորի հոգին, այնքան ամուր են միտքն ու մարմինը, և այդ երեքի միասնությամբ է, որ մենք ստանում ենք կատարյալ զինվոր, իսկ իրավասություն ունենք այնքանով, որ մենք՝ հոգևորականներս, անմիջական կապ ունենք թե հրամանատարության և թե նրանց տեղակալների հետ։

- Որպես զորամասի հոգևոր սպասավոր` Ձեր կարծիքը սպա-զինվոր փոխհարաբերությունների մասին։

-   Ըստ իս այդ հարաբերությունները երկկողմանի են։ Այսինքն` երբ սպան զինվորին ընդունում է որպես իր փոքր եղբայր, իսկ զինվորը այդ նույն սպային իրեն հայր է համարում, հետևաբար արդեն այստեղ դառնում է ծնող-զավակ փոխհարաբերությունը, և քանի որ ծնողը իր զավակին հորդորում է լավը լինել, լավը գործել, և արդյունքում այս ամենը զինվորը ընկալում և կատարում է սիրուց և ոչ թե վախից։ Միայն այս պայմաններում զինվորը կարող է ծառայել հայրենիքին։

- Ինչպիսի՞ն է Ձեր ազդեցությունը զինվորների կարգապահութան և բարոյահոգեբանական վիճակի վրա։

- Մենք` հոգևոր սպասավորներս, մեծ գործ ունենք անելու, քանի որ զինվորները գալիս են տարբեր շրջաններից, ունեն տարբեր դաստիարակություն, հետևաբար կարող են խնդիրներ առաջանալ կարգապահության հետ կապված, և մենք պետք է նրանց հասցնենք այն գերագույն պատգամին, որ պետք է սիրել ընկերոջն այնպես, ինչպես անձդ ես սիրում, և եթե մենք կարողանանք զինվորին դարձնել այդպիսին, ապա կարող ենք ունենալ այն հզոր բանակը, որի մասին երբևէ երազել ենք։

- Ինչպե՞ս եք վերաբերվում աղանդավորությանը, և կա՞ արդյոք տարանջատում զինվորների միջև։

- Դեռևս իմ գործունեության շրջանում չեմ հանդիպել աղանդավորների, բայց իմ կարծիքով նրանք այն մարդիկ են, ովքեր շեղվել են քրիստոնեական ճշմարտությունից, և նրանց մենք պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերենք, որպեսզի կարողանանք նրանց ետ բերել դեպի իսկական քրիստոնեությունը, դեպի առաքելական եկեղեցին։ Տարանջատումներ, լայն առումով, իհարկե կան, սակայն այստեղ էլ արդեն մենք՝ հոգևոր սպասավորներս, ևս ունենում ենք մեր քրիստոնեական խոսքը, որ տվյալ զինվորը ևս մարդ է, ուղղակի նրա կրոնական աշխարհընկալումները տարբերվում են մեր աշխարհընկալումներից և փորձում ենք նրաց հետ հնարավորինս համբերատար լինել և հասցնել իրական քրիստոնեական ճշմարտությունը։

- Քանի որ այսօր մենք գտնվում ենք հակամարտության գոտում և ամեն պահ հակառակորդը կարող է ոչ ադեկվատ գտնվել և անցնել հարձակման, արդյո՞ք Դուք պատրաստ եք զենքը ձեռքին կանգնել զինվորների կողքին։

- Հարցը հետաքրքիր է այնքանով, որ զինվորները նույնպես տալիս են այս հարցը, և ես սիրով բոլորին պատասխանում եմ, որ այո, անկախ մարդու դիրքից և պաշտոնից յուրաքանչյուր մարդ պարտավոր է լինել զինվորի կողքին։ Մենք շատ պատմական դեպքեր ունենք, երբ պատերազմի ժամանակ(Ավարայր, Սարդարապատ, ապրիլյան պատերազմ) հենց հոգևորականությունն է առաջինը կանգնել զինվորների կողքին, չէ որ մենք էլ ունենք տուն, ընտանիք , հայրենիք, եկեղեցի. անկախ մեր համոզմունքներից մենք պատրաստ ենք լինել մեր զինվորների կողքին։

- « Ազգային ոգի- ահա գերագույն հերոսը », - ասում է ԳՆժդեհը, իսկ ինչպե՞ս բարձրացնել ազգային ոգին։

- Ազգային ոգի ասելով առաջինը հասկանում ենք մեր ազգային պատկանելությունը, այն, որ հայ ենք, հետո, բնականաբար, որ լեզուն հայերենն է։

Մենք խոսում ենք հայերեն, երգում ենք հայերեն, պարում ենք հայերեն, աղոթում ենք հայերեն և վերջապես ապրում ենք հայերեն, ունենք հայկական մշակույթ և գրականություն։ Սրանք են այն հիմնական բաղադրիչները, որով հնարավոր է բարձր պահել ազգային ոգին։

- Եվ վերջում, ձեր ոգևորիչ խոսքը` սահմանում կանգնած զինվորներին։

- Ես մեր զինվորներին ցանկանում եմ ինչպես այժմ, այնպես էլ միշտ շարունակեն անխախտ, անխռով ծառայել հայրենիքին։ Ունենան նախանձախնդրություն հայրենիքի նկատմամբ և հայրենիքին վերաբերվեն ոչ թե վերացական, այլ մարդկայնորեն, քանի որ այդ դեպքում կարող են սիրել այն, և մենք էլ միշտ կաղոթենք նրանց համար:

Հարցազրույցը` Վիոլետտա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ,

լրագրություն 3-րդ կուրս