ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի համակարգողները հունիսի 6-ին հերթական հանդիպումն են ունեցել հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու կենտրոնի այցելուների հետ:
Հոգեբանական կենտրոնում իրականացված աշխատանքներին առաջինը գնահատականներ տվեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Ռեկտորը բարձր գնահատեց կենտրոնի առկայությունը` այն որակելով իբրև կադրային դարբնոց, որտեղ կպատրաստվեն անհատականություն և սեփական ձեռագիր ունեցող հոգեբաններ:
«Կենտրոնի աշխատանքների վերաբերյալ ամենամսյա հաշվետվություններն ու ներկայումս քննարկվող հավակնոտ ծրագրերը խոսում են կենտրոնի պահանջվածության մասին: Մենք հետևողական ենք հանրապետությունում հոգեբանական ծառայության կայացման հարցում և մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու ոլորտի խնդիրները»,- նշել է Մ. Մինասյանը և կենտրոնի աշխատանքներում ընդգրկվածների նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել խրախուսանքի տեսքով:
Իբրև թիրախային խումբ ընտրելով հանրակրթական դպրոցների ուսուցիչներին` մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Լուսինե Ղարախանյանը հանես է եկել «Հուզական ու մասնագիտական սպառում» թեմայով, որի շրջանակում ներկայացրել է հուզական սպառման պատճառներն ու հետևանքները, ապա խորհուրդներ տվել կանխելու հոգեկան այրման գործընթացը:
«Հուզական ներքին դատարկությունն ինքնին կհանգեցնի մասնագիտական սպառման, ասել է թե` եթե իմ ինքնությունը դեֆորմացված է, ապա ես սպառված եմ»,- ասում է Լ. Ղարախանյանը և տալիս սպառման սինդրոմի հոգեբանական նկարագիրը:
Դասախոսությանը հետևել են հոգեբանական վարժությունները: