Արցախի պետական համալսարան

IMG mg1   IMG mg2

IMG mg3   IMG mg4

Հունիսի 7-ին տեղի է ունեցել մայր բուհի ավանդական միջոցառումներից մեկը՝ մագիստրանտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր «Ավրորա» 2017 թ. մրցանակաբաշխության դափնեկիր Թոմ Քաթինան:

Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, «Ավրորա» հիմնադրամի ներկայացուցիչներ, համալսարանականներ, ծնողներ, հյուրեր, ովքեր, նախքան միջոցառման մեկնարկը, ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

ԱրՊՀ 186 մագիստրանտները, որից 51-ը՝ գերազանցության դիպլոմով, պատիվ են ունեցել դիպլոմներ ստանալու «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր Թոմ Քաթինայից, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանից, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանից, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանից և ֆակուլտետների դեկաններից:

Ներկաներին առաջինը ողջունեց և շնորհավորեց Սուդանում մարդասիրական գործունեություն ծավալող բժիշկ Թոմ Քաթինան:

«Ինձ համար պատիվ է ոչ միայն Արցախում և Արցախի մայր բուհում լինելը, այլև այսպիսի արարողության մասնակցելը: Արցախի մասին շատ եմ լսել, հատկապես՝ երբ նախորդ տարի Հայաստանում էի, սակայն երբեք չէի պատկերացնի, որ այն այսքան և հարազատ կարող է լինել»,- ասում է նա:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ Ն.Աղաբալյանը հատկանշեց այն փաստը, որ մագիստրանտները դիպլոմներ են ստանում կարևոր շրջանում և հույս հայտնեց, որ ստացած գիտելիքների շնորհիվ նրանք կկերտեն նոր, ավելի բարեկեցիկ միջավայր՝ նորարարական գաղափարներով և մտքերով:

«Մաղթում եմ երբևէ չընկրկել դժվարությունների առաջ, որպեսզի կարողանաք կարևորը չզոհաբերել երկրորդականին: Ձեր առջև մեծ խնդիրներ և բարձր նշաձող դրեք և հետևողական աշխատանքով հասեք այդ նշաձողին»,- բարեմաղթեց նախարարը:

Օրվա խորհրդի և կարևորության մասին խոսեց ռեկտորը, ով առիթը նաև պատեհ համարեց` պատգամներ հղելու համար. «Ամենքդ ձեր կարողություններով և հնարավորություններով նպաստեք մեր երկրի կայացմանը, մեր ձեռքբերումների բազմապատկմանը և ոչ մի քայլ դեպի հետ»:

Մ.Մինասյանը հավաստիացրեց, որ համալսարանը շարունակելու է շրջանավարտների կողքին լինել նաև ուսումնառությունից հետո, աջակցել և ուրախանալ նրանց հաջողություններով, որոնք նաև բուհի հաջողություններն են:

Մագիստրանտներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաև համալսարանի հինգ ֆակուլտետի դեկանները, ապա նրանց հանձնեցին դիպլոմներ՝ հույսով և հավատով առ նրանց լուսավոր ապագա:

Հավելենք, որ այս տարի ԱրՊՀ բակալավրիատը թողարկում է 472 շրջանավարտ, որից 74-ը` գերազանցության դիպլոմով: