Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հ.լեզու և գրականություն բաժնի 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ, գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ այցելեցին ք. Շուշի: Ուսանողները շրջեցին Շուշիի տեսարժան վայրերում, այցելեցին թանգարաններ, հաղորդակցվեցին հինավուրց Շուշիի հոգևոր և մշակութային արժեքներին, կատարեցին մոմավառություն:
«Խորհրդանշական է այն, որ մեր այց-ծանոթությունը սկսեցինք Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում մոմավառությունից և առ Աստված հղած մեր անձնական և անանձնական խնդրանք-աղոթքներից` պահել-պահպանել մեր սուրբ օջախները, խիզախ-անձնվեր սահմանապահ մարտիկներին, մեր հայրենիքը` բոլորիս համար օդ ու ջրի պես հարկավոր»,-ասում է ուսանողուհի Աստղիկ Աղաբեկյանը և հավելում, որ օրը յուրահատուկ հայրենագիտական դաս-ճամփորդություն էր, ինչպես նաև ուխտագնացություն` կարևորելով նման միջոցառումների դերը ուսանողների կյանքում: