Արցախի պետական համալսարան

AJIMG 4566   AJIMG 4601

AJIMG 4539   AJIMG

Հունիսի 18-ին ԱրՊՀ-ում հրավիրվել էր հանդիպում ԱԺ խմբակցությունների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Հրավերն ընդունել և ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման էին եկել «Հայրենիք» խմբակցությունից Ռոմելա Դադայանը, «Դաշնակցություն» խմբակցությունից Դավիթ Իշխանյանը և «Ժողովրդավարություն» խմբակցությունից Վարդգես Բաղրյանը: ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում մտավորականը պետք է առաջնորդող դերակատարում ունենա, իսկ ձայնը լսելի պետք է լինի:

Ռեկտորը նաև նշել է, որ ցանկացած երևույթի գնահատական տալուց առաջ պետք է գնահատել նախևառաջ ինքդ քեզ և քո արածը, ապա միայն՝ դիմացինին. «Այսօր բազմաթիվ խնդիրներ կան նաև համալսարանում, որոնց լուծում տալու նախապայմանը  բարեփոխումներ սկսելն է առաջին հերթին ինքներս մեզնից, նույն տրամաբանությամբ: Բոլոր այս քննադատությունները և ինքնավերլուծությունը պետք է սկսենք մեզանից»:

Քաղաքական գործընթացների վերաբերյալ հանդիպմանը ներկայացած քաղաքական երեք ուժերի համար ընհանուր տեսակետ հայտնեց «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացնող Դ.Իշխանյանը: Վերջինս նկատում է, որ քաղաքական բոլոր ուժերը տարբեր ձևաչափերով քննարկումներ են կազմակերպել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ունեն հստակ ուրվագծված տեսլական:

«Մեր պետականության և Արցախի Հանրապետության նկատմամբ քաղաքական լուրջ դիվերսիա է իրականացվում: Վտանգված է մեր պետականությունը, մեր սուբյեկտայնությունը», -ասում Է Դ.Իշխանյանն ու հավելում, որ իրենք այն համոզմունքին են, որ նախագահը չպետք է հրաժարական ներկայացնի, քանի որ դրան հետևած քաղաքական գործընթացները ավելի լուրջ խնդիրներ կառաջադրեն:

Հանդիպման ընթացքում մտավորականները սուր հարցադրումներով և կառուցողական քննադատություններով բարձրացրել են երկրում առկա մի շարք խնդիրներ՝ ժողովրդի կողմից ընտրված և նրա շահերը ներկայացնող ԱԺ պատգամավորներից պահանջելով քայլեր ձեռնարկել` վերադասավորելու իրերի և երևույթների ընթացքը՝ հանուն ազատ, անկախ, արդար և ապահով Արցախի: