Արցախի պետական համալսարան

   Անցած շաբաթ Արցախի պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողական  ու դասախոսական պատվիրակություններին: Հայաստանի և այլ երկրների բուհերի հետ համագործակցությունը ԱրՊՀ զարգացման ծրագրի կարևոր դրույթներից է:

 

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը տարիքի առումով թեպետ մեծ չէ (հիմնադրվել է 1997թ.), սակայն արդեն մեծ համբավ ունի: Դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ, որում ընդգրկված էին ակադեմիկոսներ ու  պրոֆեսորներ,  ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը  կարևորել է Հայաստանի սլավոնական համալսարանի հետ գործնական կապեր ստեղծելը` շեշտելով, որ միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով հիշյալ համալսարանը գտնվում է վարկանիշային բուհերի ցուցակում: Արցախի պետական համալսարանը բարձրորակ մասնագետների կարիք շատ է զգում, ասել է ԱրՊՀ ռեկտորը: Ըստ Ս. Դադայանի` մասնագետների կարիք կա էլեկտրաէներգետիկայի, հեռահաղորդակցության,  տնտեսագիտության, քաղաքագիտության և այլ մասնագիտությունների գծով:

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պատվիրակության ղեկավար, ռեկտորի տեղակալ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը վստահեցրել է, որ  իրենց բուհի ղեկավարությունը շահագրգռված է Արցախի պետհամալսարանի հետ տարբեր ուղղություններով կապերի խորացմամբ, այդ թվում նաև` գիտական ոլորտում համագործակցությամբ:  Իսկ այդ պատրաստակամությունը պաշտոնական այց կատարելու մտահղացման է վերածվել  ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանիª հայ-ռուսական (սլավոնական) համալսարան վերջերս կատարած այցից հետո, որի ժամանակ նրան շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում: Ակադեմիկոսի խոսքով` շատ պատվիրակություններ են Արցախ այցելել, սակայն դրանք կրել են էպիզոդիկ բնույթ, ունեցել ավելի շատ Արցախին ծանոթանալու  նպատակ: Ցավալիորեն, այդ այցերը շարունակակություն չեն ունեցել, ինչը կբերեր շոշափելի արդյունքների, գոնե, իրեն հայտնի գիտակրթական ոլորտում:  Ակադեմիկոսի հավաստմամբ,  իրենք այդպես չեն տրամադրված. բուհի ռեկտորից խիստ հանձնարարական  ունեն  լինել բոլոր ֆակուլտետներում, ամբիոններում, լսել մասնագետներին, առաջարկությունները համախմբել ու ներկայացնել իրենց համալսարանի գիտխորհրդի հաստատմանը: Առանձնապես շատ օգտակար կարող է լինել համագործակցությունն ինժեներական ֆակուլտետի հետ, քանզի Հայաստանում միակ ֆիզիկատեխնիկական ֆակուլտետը ներկայացնում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, որտեղ  աշխատում են բարձր որակավորում ունեցող ինժեներ-ֆիզիկոսներ էլեկտրոնիկայի, նանոէլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության գծով: Վերջինիս գծով համալսարանի բազայի վրա  Երևանում բացվել  է նաև կապի ինստիտուտ:    Առաջին պաշտոնական հանդիպումը նպատակ ունի մի քանի ուղղությունների գծով տեսանելի ծրագրեր կազմել և ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը: Ճիշտ է, Արցախին ամեն տարի նպատակային տեղեր  են հատկացվում Հայ-ռուսական (սլավոնական)  համալսարանում, սակայն, ցավոք, դրանք համալրվում են հիմնականում  հումանիտար մասնագիտությունների գծով:   Եվ եթե ԱրՊՀ¬ի հետ ծավալվի ակտիվ համագործակցություն, ապա մոտ ապագայում կարձանագրվեն որոշակի ձեռքբերումներ, համոզված է Էդուարդ Ղազարյանը: Խոսքը վերաբերում է և’ կադրերի պատրաստմանը, և’ կրթական ծրագրերին:

Իրենց ծրագրերը հյուրերը ներկայացրել են նաև վարչապետ Արա Հարությունյանի ու ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ   Խաչատրյանի հետ  ունեցած հանդիպումների  ժամանակ:

Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի պաշտոնական ներկայացուցիչները համապատասխան թեմաներով դասախոսություններ են կարդացել ԱրՊՀ ուսանողների համար:  Իսկ  ավագ դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչների հետ հանդիպում են ունեցել այդ դասարանների դասագրքերը կազմողներ`  ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ու  ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բարձր տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Հարություն Գասպարյանը:

DSC00136

DSC00139