Արցախի պետական համալսարան

s1 3  s1 16

s1 15  s1 7

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանները գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ գիտելիքների նկատմամբ սերը, աշխատասիրությունն ու պատասխանատվության բարձր զգացումը շրջանավարտներին կօգնեն զարգացնել իրենց ունակություններն ու կարողությունները, դառնալ բարձրակարգ մասնագետներ եւ Արցախի արժանի քաղաքացիներ, ուրույն ավանդ բերել հայրենի երկրի զարգացմանն ու շենացմանը:

«Մենք միշտ հպարտությամբ ենք նշում, որ ունենք հայրենասեր, կիրթ ու զարգացած երիտասարդներ, ովքեր իրենց ծնողների արժանի զավակներն են եւ նրանց պես պատրաստ են անել հնարավորը հարազատ երկրի ու ժողովրդի համար, պաշտպանել ու զորացնել մեր անկախ հանրապետությունը՝ շարունակելով ավագ սերնդի ավանդույթներն ու հայրենանվեր առաքելությունը», - նշել է իր խոսքում երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը հետեւողական աշխատանք է իրականացնում կրթության եւ գիտության զարգացման, երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ժամանակակից գիտելիքներով զինված, առողջ ու հայրենասեր սերունդ դաստիարակելու ուղղությամբ:

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանն նշել է, որ մեծ պատիվ է մասնագիտական հասունության վկայականները ԱՀ Նախագահից ստանալը` ընդգծելով. «Կարծում եմ՝ գիտակցում եք դրա կարևորությունն ու ողջ պատասխանատվությունը: Ձեր գիտակցական ողջ կյանքը դուք անց եք կացրել ուսումնական հաստատություններում: Վստահ եմ՝ դուք գնահատում եք մեր երկրի պետականության կարևորությունը ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայության համար»:

Միջոցառման ընթացքում ուսանողների կողմից հնչել են երախտագիտության խոսքեր:

Արցախի պետական համալսարանն ավարտած 74 և Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ավարտած 17 ուսանողների դիպլոմների հետ միասին հանձնվել են նաև դյուրակիր համակարգիչներ:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լուսանկարները` artsakhpress.am-ի: