Արցախի պետական համալսարան

31956443 2040428582945447 3941754172033990656 n

Պատկերացրեք աշխարհի մի քաղաքում շոգ է, Դուք էլ շտապում եք: Ձեզ մոտեցած լրագրողի հարցին, երևի ոչինչ, որ չպատասխանեք: Լավագույն (լավագույնի վրա գիծ եմ քաշել)… Ավելի լավ դեպքում կմտածեք` մեկ ուրիշը կպատասխանի:

Պատկերացրեք աշխարհի մի քաղաքում շոգ է, Դուք էլ շտապում եք: Արդեն 6-րդ մարդն է` չի պատասխանում: Լավագույն (լավագույնի վրա գիծ եմ քաշել)… Ավելի լավ դեպքում կմտածեք` մեկ ուրիշը կպատասխանի:

Երբ ես ընդունվեցի համալսարան, ինձ համար հեռուստացույցի ներսից խոսող, գեղեցիկ վերնաշապիկներով մարդկանց աշխատանքը թվում էր հեշտ: Առաջին կուրսում, երբ սկսվեցին «Լրագրող ծնվում են, թե դառնում» թեմայով առաջին սցենարները, հոկտեմբերյան քամին խաղում էր պատուհանների հետ և խանութներում վաճառում էին պաղպաղակ: Իհարկե, վատ չէր լինի ծնված օրից ունենալ անսպառ համբերություն, պատասխանատվություն, լավ հիշողություն, հումորի զգացում, իմանալ հայոց լեզվի շարադասությունը: Այդ դեպքում աշխարհ կգային հմուտ արհեստավորներ, լավ տնտեսագետներ, փայլուն մաթեմատիկներ…Հրաշալի կլիներ, այնպես չէ՞:

Առաջին կուրսում սկսեցի թղթակցել ամենատարբեր թերթերի, ամենատարբեր հոդվածներով: Հիմա, երբ գրում եմ գուցե ավելի քիչ, բայց վարձատրվում եմ ավելի շատ, դա համարում եմ իմ առաջին հոդվածների արդյունքը: Ես գրում էի համարյա ամեն ինչի մասին և համալսարանում պահանջվող տպագիր հոդվածների թվաքանակից շատ էին ստացվում իմ գրածները: Առաջին կուրսը բուրգ կառուցելու տարի էր` շրջված, ուղիղ, ծուռ, գունատ և զվարճալի:

Երկրորդ կուրսում իմ կյանքում հայտնվեց մի տաք ալիք, որ անցավ մատներիս միջով ու սովորեցրեց գրչի հետ նաև միկրոֆոն բռնել: Իմ կյանքում հայտնվեց հեռուստատեսությունը: Ես սկսեցի շոշափել րոպեներն ու վայրկյանները և կյանքում առաջին անգամ տեսա, թե ինչպես է մարդը կառավարում ժամանակը: Երբ ես սկսեցի տեսնել կադրերով ու միաժամանակ մտքում շարադրել նախադասություններ, հասկացա, որ գուցե մաթեմատիկոսներ, թարգմանիչներ, տնտեսագետներ կարող են դառնալ ավելի հեշտությամբ, կարող են դառնալ գուցե նաև համալսարաններում: Եվ հետո համալսարնում դժվար է լինել ուսանող-լրագրող: Կարելի է բաց չթողնել ոչ մի դասախոսություն, անգիր սովորել օրինակ «Ազգասեր Արարատյան»-ի , «Եղանակ բյուզանդյան»-ի և այլ, և այլ պարբերականների հրատարակման տարեթվերը, սովորել կապերի տեսակներն ըստ իմաստի, բայց տառերի, հնչյունների հետ խաղալ պիտի սովորել ինքնուսուցմամբ: Սիրել սեփական ձեռագիրը, որ ուրիշինը չէ և քոնն է ամբողջությամբ, իմ կարծիքով, էլի ինքնուրույն են սովորում: Երբ սիրես կադրից դուրս լսվող քո ձայնը, ձայնիդ դադարները, այդ դեպքում դու կսկսես տնօրինել այս ամենը և կտնօրինես լավ: Այս ամենի հետ համալսարանում գուցե կիսամյակից կիսամյակ ստուգման գրքույկում ինչ-որ թվեր նվազեն, և ավելանա միայն բացակայությունների թիվը…Դու դառնում ես լրագրող: Ես հետո, շատ հետո հասկացա, որ հեռուստացույցի ներսից խոսող, գեղեցիկ վերնաշապիկներով մարդկանց աշխատանքը հեշտ չէ և նաև…Դժվար է: Ես չէի մտածել, որ այդ մարդիկ կարող են երեկոյան աշխատանքից գնալ տուն, հանել, մի կողմ նետել վերնաշապիկը` մի մեծ, ծանր հոգնածություն թողնելով ուսերին, ընկնել անկողնուն, չքնել ու չուտել ոչինչ:Ես չգիտեի, որ այդ մարդիկ կարող են ժամերով նստել թղթի առաջ սցենարի լավ սկիզբ գրելու համար: Կարող են ժամերով նստել ու չգրել ոչինչ, հետո ճմրթել, մի կողմ շպրտել թուղթը ու չհանգստանալ չգրված մտքերի ծանրութունից: Իսկ առավոտյան պետք է շուտ արթնանալ, որովհետև քեզ սպասելու են հեռուստացույցից այն կողմ, սպասելու են գեղեցիկ, արդուկված վերնաշապիկով, ժպիտով և անսխալ: Քեզ սիրելու են և քննադատեն, եթե կյանքի ինչ-որ ժամանակ պատահմամբ դարձել ես լրագրող, կամ գուցե պատահմամբ ծնվել ես այդպիսին:

 

 

«Ազգասեր Արարատյան» ( Կալկաթա, 1848-1852)

«Եղանակ բյուզանդյան»  ( Վենետիկ , 1803 – 1820)

Կապերի տեսակներն ըստ իմաստի` տարածական, վերաբերության, բացառման կամ զիջման, ժամանակի, հիմունքի, պատճառի, բացահայտման, նպատակի, ձևի, չափի , ընդդիմության, միասնության :

Հեղինակ` Արաքս Միրզոյան, լրագր. 3-րդ կուրս