Հուլիսի 7-ին Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում մեկնարկեց ուսանողական միջազգային ամառային ճամբար: Ճամբարի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱրՊՀ ղեկավար կազմը, ուսանողներ Արցախի, ՀՀ և արտերկրի բուհերից, հյուրեր:
Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացմանը աջակցած անձանց և կազմակերպություններին` նշելով, որ ճամբարի կազմակերպումը ոչ միայն ուսանողների, այլև ԱրՊՀ ղեկավարության երազանքն էր, որն այս տարի հաջողվեց իրողություն դարձնել:«Վստահ եմ, որ այս օրերին դուք կկարողանաք ոչ միայն հանգստանալ ուսումնառության փուլից, այլև կկարողանաք ճանաչել Արցախը հետաքրքիր էքսկուրսիաների, արշավների, դասախոսությունների ընթացքում»,-դիմելով ուսանողությանը` ասել է ռեկտորը:
ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը ողջույնի խոսքում կարևորել է Արցախում իրականացվող նմանատիպ ծրագրերում հայաստանյան բուհերի ուսանողներին ընդգրկելու իրողությունը: «Այս բարդ և հակասական ժամանակաշրջանում դուք` ուսանողներդ, կարող եք ստանձնել այն կարևոր առաքելությունը, որ այսուհետ մեր բոլոր գործողություններն ու քայլերն ուղղված լինեն նրան, որպեսզի Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավոր թելերով և բջիջներով կապված լինեն միմյանց»,-ասել է ԿԳՍ նախարարը` մաղթելով ճամբարականներին հաճելի հանգիստ` բովանդակալից առօրյայով:
«Շատ կարևոր է այս ճամբարի գործունեությունը երիտասարդական դաշտի համար և ուրախալի է, որ մասնակցում են հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն է ընձեռում երիտասարդության խնդիրները դիտարկելու մեկ միասնական համահայկական դաշտում»,-ողջույնի խոսքում նշել է ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ճամբարականներին ողջույնի խոսք ասացին և Արցախի մասին իրենց տպավորությունները կիսեցին արտասահմանցի մասնագետներ Էյվրի Քաչկան և Մեթթյու Սթաութը, ովքեր հանդես կգան դասախոսություններով:
«Ես սիրում եմ Արցախը, արցախցիներին, նրանց ավանդույթներն ու արժեքները: Կարծում եմ, որ արցախցիները նման են ամերիկացիներին, որովհետև նրանք պաշտպանում են այն, ինչին հավատում են»,-ասել է Էյվրի Քաչկան` շնորհակալություն հայտնելով ճամբարին մասնակցելու համար:
«Իմ բուհը» խորագրով ելույթներով հանդես եկան ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՌՀ-ն, ՀԱՀ-ն և ԱրՊՀ-ն ներկայացնող ուսանողները` հակիրճ պատմելով իրենց բուհերի ուսանողական գործունեության մասին:
Միջոցառման ավարտին ՄԵՀԶ նախարարության նախաձեռնությամբ կայացավ տոնական համերգ, որից հետո օրն ամփոփվեց ճամբարային ընթրիքով:
Հավելենք, որ ճամբարը կազմակերպվում է վրանային պայմաններում, 3 փուլով` հուլիսի 6-10-ը, 11-15-ը և 16-21-ը: Ճամբարին մասնակցում են ուսանողներ ԱրՊՀ-ից, ՀՀ և արտերկրի բուհերից: