Արցախի պետական համալսարան

ch1  ch4 2

ch3  ch4 

Հուլիսի 7-ին Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում մեկնարկեց ուսանողական միջազգային ամառային ճամբար: Ճամբարի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱրՊՀ ղեկավար կազմը, ուսանողներ Արցախի, ՀՀ և արտերկրի բուհերից, հյուրեր:

Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացմանը աջակցած անձանց և կազմակերպություններին` նշելով, որ ճամբարի կազմակերպումը ոչ միայն ուսանողների, այլև ԱրՊՀ ղեկավարության երազանքն էր, որն այս տարի հաջողվեց իրողություն դարձնելՎստահ եմ, որ այս օրերին դուք կկարողանաք ոչ միայն հանգստանալ ուսումնառության փուլից, այլև կկարողանաք ճանաչել Արցախը հետաքրքիր էքսկուրսիաների, արշավների, դասախոսությունների ընթացքում»,-դիմելով ուսանողությանը` ասել է ռեկտորը:

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը ողջույնի խոսքում կարևորել է Արցախում իրականացվող նմանատիպ ծրագրերում հայաստանյան բուհերի ուսանողներին ընդգրկելու իրողությունը: «Այս բարդ և հակասական ժամանակաշրջանում դուք` ուսանողներդ, կարող եք ստանձնել այն կարևոր առաքելությունը, որ այսուհետ մեր բոլոր գործողություններն ու քայլերն ուղղված լինեն նրան, որպեսզի Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավոր թելերով և բջիջներով կապված լինեն միմյանց»,-ասել է ԿԳՍ նախարարը` մաղթելով ճամբարականներին հաճելի հանգիստ` բովանդակալից առօրյայով:

«Շատ կարևոր է այս ճամբարի գործունեությունը երիտասարդական դաշտի համար և ուրախալի է, որ մասնակցում են հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն է ընձեռում երիտասարդության խնդիրները դիտարկելու մեկ միասնական համահայկական դաշտում»,-ողջույնի խոսքում նշել է ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ճամբարականներին ողջույնի խոսք ասացին և Արցախի մասին իրենց տպավորությունները կիսեցին արտասահմանցի մասնագետներ Էյվրի Քաչկան և Մեթթյու Սթաութը, ովքեր հանդես կգան դասախոսություններով:

«Ես սիրում եմ Արցախը, արցախցիներին, նրանց ավանդույթներն ու արժեքները: Կարծում եմ, որ արցախցիները նման են ամերիկացիներին, որովհետև նրանք պաշտպանում են այն, ինչին հավատում են»,-ասել է Էյվրի Քաչկան` շնորհակալություն հայտնելով ճամբարին մասնակցելու համար:

«Իմ բուհը» խորագրով ելույթներով հանդես եկան ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՌՀ-ն, ՀԱՀ-ն և ԱրՊՀ-ն ներկայացնող ուսանողները` հակիրճ պատմելով իրենց բուհերի ուսանողական գործունեության մասին:

Միջոցառման ավարտին ՄԵՀԶ նախարարության նախաձեռնությամբ կայացավ տոնական համերգ, որից հետո օրն ամփոփվեց ճամբարային ընթրիքով:

Հավելենք, որ ճամբարը կազմակերպվում է վրանային պայմաններում, 3 փուլով` հուլիսի 6-10-ը, 11-15-ը և 16-21-ը: Ճամբարին մասնակցում են ուսանողներ ԱրՊՀ-ից, ՀՀ և արտերկրի բուհերից: