Արցախի պետական համալսարան

asu-xorh1  asu-xorh2

asu-xorh3  asu-xorh-4

Օգոստոսի 21-ին գումարված ԱրՊՀ խորհրդի անդրանիկ նիստում ընտրվել են խորհրդի նախագահ և քարտուղար, հաստատվել են ընթացիկ աշխատակարգեր:

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, հղում անելով բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքին, նիստի սկզբում ներկայացրեց ԱրՊՀ խորհրդի նոր կազմը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հունիսի 17-ին լրացել է ԱրՊՀ խորհրդի նախորդ կազմի գործունեության ժամկետը և ԱՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է նոր կազմ, որի անդամները ներկայացնում են հիմնադիր կազմը, ԱՀ ԿԳՍ նախարարությունը, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողական խորհուրդը:

ԱրՊՀ նորակազմ խորհրդի անդամներին ներկայացնելուց հետո լիազոր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախորդ խորհրդի անդամներին և նիստին ներկա խորհրդի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանին` նպատակային և արդյունավետ աշխատանքի համար:

Ա. Ղուլյանը, ով համալսարանի խորհուրդը ղեկավարել է 2016-2018 թթ., այդ տարիների մեծագույն ձեռքբերումը համարում է այն, որ հաջողել են մտածողություն փոխել առ երկրի մայր բուհ:

«Համալսարանն իր ուրույն ձեռագիրն է թողել բարձրագույն կրթական համակարգում, ուստի մեր անելիքներն ուղղված են եղել նրան, որ համալսարանը, ի թիվս այլ գործառույթների, նաև երկրի այցեքարտը լինի»,- ասել է Ա. Ղուլյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ գոհ է խորհրդի 5-ամյա գործունեության արդյունքներից:

Նիստի օրակարգային առաջին հարցը ԱրՊՀ խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունն էր: Հաշվի առնելով անդամների առաջարկները՝ քվեարկության արդյունքում ԱրՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը: Նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ իր համար պատիվ է ղեկավարել մի բուհի խորհուրդ, որի շրջանավարտն է նաև ինքը. «Հուսով եմ և համոզված, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել համալսարանի հետագա զարգացումն ու աշխատանքների պատշաճ իրականացումը»:

Գ. Մարտիրոսյանի նախագահությամբ խորհուրդը հաստատեց նաև օրակարգային երկրորդ և երրորդ հարցերը՝ ԱրՊՀ խորհրդի աշխատակարգն ու ԱրՊՀ ռեկտորի ընտրության ընթացակարգը:

«Համաձայն համալսարանի կանոնադրության և ռեկտորի ընտրության ընթացակարգի՝ ընտրությունն իրականացվում է մրցութային կարգով, ուստի ԱրՊՀ-ն աշխատանքային երկու օրվա ընթացքում կապահովի համապատասխան հայտարարության հրապարակումը, և 30-րդ օրը կգումարվի խորհրդի նիստ՝ ԱրՊՀ ռեկտորի ընտրության օրակարգային հարցով»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

Նիստի ավարտին, ԱրՊՀ խորհրդի նախագահի առաջարկով, ռեկտոր Մ. Մինասյանը հակիրճ տեղեկություններ է տրամադրել համալսարանի հավատարմագրման և գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման գործընթացների վերաբերյալ:

Եզրափակելով նիստը՝ նախարար Ն. Աղաբալյանը հույս է հայտնել, որ նոր խորհուրդը շարունակելու է ապահովել շարունակական աճին միտված աշխատանքները: