Արցախի պետական համալսարան

hpmh11   hpmh12

hpmh15   hpmh17

Օգոստոսի 12-22-ը ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Վիտալի Պետրոսյանը, Լիլիթ Սաղաթելյանը և Մարիաննա Մանասյանը մասնակցել են Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) կողմից կազմակերպված ամառային միջազգային դպրոցին:

 

Միջազգային դպրոցին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Հայաստանի, Ռուսաստանի չորս համալսարանների, Բելոռուսի, Ֆինլանդիայի, Հունգարիայի, Լիտվայի, Չինաստանի թիմերը:

«Ամառային միջազգային դպրոցը անմոռանալի օրեր պարգևեց մեզ: Ձեռք բերեցինք բազում նոր ընկերներ, այդ թվում` օտարերկրացի, նոր գիտելիքներ, էլ ավելի խորությամբ ճանաչեցինք հայկական մշակույթը, այցելեցինք Նորավանք, Գլաձորի համալսարան, Մատենադարան: Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցելեցինք նաև Սևանավանք, Սբ. Էջմիածնի մայր կաթողիկոսանիստ, Գառնի և Գեղարդ վանքերը»,-պատմում է Վիտալի Պետրոսյանը և հավելում, որ ամառային միջազգային դպրոցը հրաշալի առիթ էր` Հայաստանը` իր բազմադարյա մշակույթով, ավանդույթներով, ճաշատեսակներով, պատմությամբ ճանաչելի դարձնելու արտասահմանյան մասնակիցներին, որոնք շատ տպավորված էին:

Միջազգային դպրոցը, որն այս տարի կրում էր “Education: The Heritage and Opportunities” կարգախոսը, հագեցած էր տարաբնույթ ուսուցողական և ճանաչողական ծրագրերով: Կազմակերպվել են նաև տարբեր խաղեր, մրցույթներ, դասախոսություններ` Հայաստանի, էթիկայի, տրամաբանության, արժեքների, միջին դարերում հայկական կրթության և այլ հետաքրքիր թեմաների մասին: