ԱրՊՀ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏԵԼ 115 ՈՒՍԱՆՈՂ

02.09

2018

hanr1  hanr2

hanr3   hanr4

ԱրՊՀ հանրակացարանում 2018-2019 ուստարում բնակվելու համար դիմում ներկայացրած 125 ուսանողներից սեպտեմբերի 2-ի դրությամբ սենյակներով ապահովվել են 115 ուսանողներ, ովքեր սովորում են ԱրՊՀ-ում և այլ ուսումնական հաստատություններում: Այս մասին տեղեկացրել է ԱրՊՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Առուշանյանը:

 

Նրա խոսքով` հանրակացարանում բնակվել ցանկացող ուսանողների կեցության հետ կապված աշխատանքները իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում են ԱրՊՀ ՎԱԳ պրոռեկտոր Կարեն Առուշանյանը, ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի պետ Զարինե Սառաջյանը, անձնակազմի սպասարկման բաժնի պետ Ռուսլան Ավետիսյանը, հանրակացարանի պարետ Անահիտ Հայրիյանը: Չնայած տոնական և ոչ աշխատանքային օրերին` հանձնաժողովի աշխատանքը եղել է հագեցած. սեպտեմբերի 1-ին և 2-ին աշխատելով հանրակացարանում, համաձայն ԱրՊՀ համապատասխան կանոնակարգի, ուսանողներին հատկացվել են սենյակներ` առաջնահերթության կարգով ապահովելով զոհված կամ անհայտ կորած զինծառայողների զավակներին, միակողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող, հաշմանդամ ծնող ունեցող, բազմազավակ ընտանիքների կամ այլ սոցիալական խումբ ունեցող ուսանողներին, ապա` մյուսներին: Ինչպես նշեց Ռ. Ավետիսյանը` գործընթացն անցել է բնականոն հունով, ոչ մի արտառոց դեպք չի արձանագրվել, ուսանողներն ապահովվել են սենյակներով: ՏՄՄ 2-րդ կուրսի ուսանողուհի Էլինար Գևորգյանը, ով արդեն հասցրել է տեղավորվել իր սենյակում և պատրաստվում է նոր ուսումնականին, իր տպավորություններն է կիսումՆախ շնորհավորում եմ բոլորին` նոր ուսումնականի և Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ: Արդեն 2-րդ տարին եմ բնակվում հանրակացարանում, և այստեղ, կարծես, մենք մի մեծ ընտանիքում լինենք, պայմանները հարմարավետ են, առօրյան` հետաքրքիր և հաճելի»:

Իսկ 1-ին կուրսեցիներ Թամար Դոլուխանյանն ու Հասմիկ Խաչատրյանը արդեն հասցրել են ծանոթանալ և ընդհանուր թեմա գտնել: «Առաջին րոպեներից արդեն իսկ հավանեցի ԱրՊՀ հանրակացարանը: Այստեղ արդեն ձեռք եմ բերել նոր ընկերներ: Ամենասիրելի գիրքս եմ ցույց տալիս ընկերուհուս` Ջոն Գրեյի «Աստղերն են մեղավոր» գիրքը, որը սովորեցնում է երբեք չկորցնել հույսն ու հավատը և լինել միշտ լավատես»,-ասում է լրագրություն 1-ին կուրսի ուսանողուհի Հասմիկ Խաչատրյանը և իր դրական տպավորությունները կիսում կեցության պայմանների մասին:

Հավելենք նաև, որ այն ուսանողները, ովքեր չեն ներկայացել, առաջիկայում կարող են ներկայանալ, դիմել հանրակացարանի պարետին և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո կապահովվեն սենյակներով: