Արցախի պետական համալսարան

05.09.2018  

Ուսումնական տարվա սկիզբն ազդարարող գիտելիքի և դպրության օրը տոն է հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ պիտի ոտք դնեն դասարան կամ լսարան: Այս օրերին ԱրՊՀ ընդունված առաջին կուրսեցիների տոնական տրամադրությունն ակնհայտ է, բայց կան հարցեր, որոնց շուրջ, որպես կանոն, մտորում է յուրաքանչյուր 1-ին կուրսեցի ուսանողական կյանքի սկզբնական շրջանում. արդյո՞ք ճիշտ մասնագիտական ընտրություն է կատարել, կարդարանա՞ն ակնկալիքները, կհաջողվի՞ արդարացնել հույսերըև այսպես շարունակ: Այս հարցերի շուրջ էլ զուցեցինք առաջին կուրսեցիների հետ:

  Qristina 

Ավանեսյան Քրիստինա 

Կենսաբանություն, 1-ին կուրս 

Քրիստինան ապագա կենսաբան է և իրեն տեսնում է բժշկության մեջ: Ասում է` մասնագիտության ընտրության հարցում չի դժվարացել, կողմնորոշվել է դեռևս պատանեկության տարիներին: Անելիքների մասին այս պահին հստակ չի խոսում, միայն թե հաստատակամ է` լավ մասնագետ է դառնալու, որովհետև խոստացել է բոլորին և ինքն իրեն`առաջին հերթին:

 «Պարտավորություններ ունեմ ոչ միայն ինքս իմ և ծնողներիս, այլև երկրիս առջև: Նպատակ ունեմ լինել լավագույնը իմ ոլորտում, գիտելիքներս ծառայեցնել երկրիս զարգացմանը»,- ասում է Քրիստինեն:

Hamest

 Համեստ Մկրտչյան

Լրագրություն, 1-ին կուրս

Ի տարբերություն Քրիստինայի, լրագրության բաժնի ուսանողուհի Համեստ Մկրտչյանը վերջին պահին է կողմնորոշվել մասնագիտության հարցում: Ասում է` իր ընտրությունը չի խրախուսվել ընտանիքում, սակայն ինքը եկել է «երազանքի ետևից»: Համեստը մեծ սպասելիքներ ունի և համոզված է, որ աշխատասիրության ու կամքի շնորհիվ կարող է դառնալ ոլորտի լավագույններից:

«Արցախի ներկայիս կարգավիճակը պահանջում է սթափ լինել նաև տեղեկատվական դաշտում: Լրագրողներիս վրա է դրված մեր երկիրը մեդիադաշտում արժանապատվորեն ներկայացնելու պարտականությունը, իսկ ահա մասնագիտական կրթությունը կուղղորդի մեզ մեր գործն անել գրագետ և հմուտ»,- վստահ է Համեստը:

Vahe

Վահե Դանիելյան

Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 1-ին կուրս

 Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում քիչ է միայն ծանոթ լինել ոլորտին. այս գիտակցումով է մասնագիտություն ընտրել Վահեն:

«Այս մասնագիտությունն ընտրել եմ այն համոզմունքով, որ համալսարանական կրթությունը հնարավորություն կտա առավելագույնս յուրացնելու ծրագրավորման գաղտնիքները: Նպատակ ունեմ դասընթացներ անցնել նաև արտասահմանում, սակայն միայն դրսի փորձը յուրացնելու և տեղայնացնելու համար»,- նպատակների մասին մանրամասնում է Վահեն:

Vrej

Վրեժ Հայրապետյան

Հայոց լեզու և գրականություն, 1-ին կուրս

Բանասիրության ֆակուլտետում կատակով ասում են, թե ֆակուլտետում «տղա ուսանողներին մանրադիտակով ենք փնտրում»: Այս տարի ֆակուլտետի ուսանողության շարքերը համալրել է չորս տղա: Վրեժ Հայրապետյանը նախատեսել էր կրթություն ստանալ իրավագիտության բաժնում, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, միայն իր ծուլության պատճառով չի ընդունվել այդ բաժին. «Ես բանասիրական ֆակուլտետում եմ և բնավ էլ չեմ ափսոսում: Ինչու՞: Որովհետև լինել դասախոսների և կուրսի քսանյոթ աղջիկների ուշադրության կենտրոնում, միայն երազել կարելի է (բազմանշանակ ժպտում է)»:

Իսկ հասակակիցներին խորհուրդ է տալիս «ժամանակն անիմաստ չվատնել, որովհետև միակ բանը, որ հնարավոր չէ վերադարձնել, ժամանակն է»: 

lenka

 Լենա Մուսայելյան

Պատմություն, 1-ին կուրս

Պատմության բաժնի ուսանողուհի Լենան աշակերտական տարիներին պատմությունից բազմաթիվ մրցույթների և օլիմպիադաների է մասնակցել, միշտ մրցանակային տեղեր զբաղեցրել, պատիվ է ունեցել պարգևատրվելու նաև նախագահի կողմից:

«Ասել, թե մենք բոլորս հաջողել ենք ընդունվել համալսարան, կնշանակի պատվով ենք հաղթահարել մեր կյանքի կարևորագույն փուլերից մեկը: Տպավորություն է, թե դժվարությունները ետևում են, առջևում անհոգ ուսանողական կյանքն է, այնինչ հաղթահարված է միայն սկիզբը, շարունակությունն առջևում է: Համոզված եմ, որ մենք արդարացնելու ենք մեր և բոլորի հույսերը`յուրաքանչյուրս մեր ոլորտում դառնալով անգերազանցելի».- ասում է Լենան ուսանողական կյանքի և համալսարանական կրթության մասին: