Արցախի պետական համալսարան

Lilia2  Աշխարհահռչակ Պաբլո Պիկասոն ասել է.«Արվեստի նպատակն է մեր հոգուց հանել առօրյա կյանքի փոշին: Իսկ արվեստի վերջնական նպատակը մարդկանց մղել անելու այն, ինչ իրենց հարկավոր է ու գիտակցել այն, ինչ նրանք գիտեն»: Այսօրվա մեր զրուցակիցը լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիա Ղազարյանն է, ով առաջնորդվում է «Հավատա ինքդ քեզ և վստահիր Աստծուն» կարգախոսով: Նրա համար արվեստը կենսակերպ է: Եկեք միասին բացահայտենք նրան:

-Լիլիա, ինչպես գիտենք, դու «Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամներից ես, ո՞ր տարիքից ես անդամակցում և ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ:Lilia3

- «Արցախի ձայներ» երաժշտական խմբին միացել եմ 13 տարեկան հասակում: Հորաքույրս առաջինը նկատեց ու գնահատեց իմ տաղանդը և ինձ ու քրոջս` Էռնա Միրզոյանին, տարավ պրոդյուսեր Լիրա Քոչարյանի մոտ: Եվ նա, տեսնելով, թե ինչպես եմ պարում և զգում երաժշտությունը, շատ հավանեց ինձ, և այդպես արդեն 5 տարի է ինչ խմբի կազմի մեջ եմ:

-Ո՞ր երկրներում եք հյուրախաղերով ներկայացել և ինչպիսի՞ ընդունելության եք արժանացել:

-Հյուրախաղերով ներկայացել ենք Ֆրանսիայում, Պարսկաստանում, Գերմանիայում, Բուլղարիայում և այլուր: Մենք միշտ շատ ջերմ ընդունելության ենք արժանանում, մեզ մեծ սիրով են դիմավորում, և շատ մեծ տպավորություններով վերադառնում ենք: Պարսկաստանում մի անգամ մի դեպք պատահեց, որը ինձ վրա շատ մեծ ազդեցություն գործեց: Համերգից անմիջապես հետո հանդիսատեսը չէր հեռանում, հավաքվել էր բեմի մոտ և ակապելա էին երգում ու խնդրում, որ մենք չհեռանանք շարունակենք համերգը և գոռում էին, որ իրենք մեզ շատ են սիրում: Նշեմ, որ հավաքվածները պարսկահայեր էին:

-Իսկ այդ երկրներում որքանո՞վ են տեղյակ Արցախի մասին և ի՞նչ պատկերաց ունեն Արցախի մասին:

- Հիմնական մասը տեղեկացված է, քանի որ մեզ հիմնականում հրավիրում են սփյուռքահայերը, և հանդիսատեսի շարքերում գերակշռում են նրանք: Շատերը բավականաչափ տեղեկացված են Արցախից և ծանոթ են Արցախի պատմությանը:

Արցախի ձայներ» -ի ամենատպավորիչ տեսահոլովակը ո՞րն է քեզ համար:

40978448 1648915198551806 7466788497928486912 n

-Առաջին տեսահոլովակը, որ ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց, դա «Հորովել»-ն էր, երևի դա պայմանավորված է նրանով, որ իմ մասնակցությամբ առաջին տեսահոլովակն էր: Ի դեպ, այն նկարահանվել է Երևանում և նկարահանումները անցել են շատ դժվար: Մեր գրեթե բոլոր տեսահոլովակները նկարահանվել են Երևանում, բացի «Գայլեր» ու «Ղարաբաղցին» տեսահոլովակներից:

-Առաջիկայում նախատեսո՞ւմ ես սեփական տեսահոլովակներ նկարահանել:

-Շատ մեծ ցանկություն ունեմ նկարահանելու տեսահոլովակներ, բայց դրա համար դեռ պետք է շատ աշխատել, պետք է մեծ փորձ ունենալ: Ես դեռ այդ կետին չեմ հասել, բայց ջանում եմ: Հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի, քանի որ ես շատ օպտիմալ եմ օգտագործում ժամանակս և ոչինչ չեմ խնայում նպատակներիս հասնելու համար:

-Անցած ճանապարհի մասին խոսելիս չենք կարող չխոսել նաև ապագայի մասին: Ի՞նչ ձգտումներ ու նպատակներ ունես:

-Ձգտումներ ու նպատակներ շատ ունեմ և փորձում եմ փոքր քայլերով անցնել դեպի երազանք տանող ճանապարհով, որը, բնականաբար շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ նաև հետաքրքիր ու հաճելի:Ինչպես բոլոր պարողները, այնպես էլ ես, երազում եմ համաշխարհային բեմերի մասին և ջանք ու եռանդ չեմ խնայում նպատակիս հասնելու համար:

-Շատ պարուհիներ ընդգծում են, որ հույզերը վերարտադրում են շարժումների լեզվով: Հետաքրքիր է, քո դեպքում ինչպե՞ս է:

- Պարելիս ես ինձ զգում եմ լիարժեք և երջանիկ մարդ, անկախ նրանից, թե որտեղ եմ պարում, դա կլինի մեծ բեմերում, հանդիսատեսի առջև, թե դահլիճում` պարապմունքի ժամանակ: Իհարկե, պարելով դու քո հույզերը, զգացմունքներն ես արտահայտում և փոխանցում հանդիսատեսին:

-Լիլիա, որքանո՞վ են երգն ու պարը առնչվում լրագրությանը, և ինչպե՞ս ընտրեցիր լրագրողի մասնագիտությունը:

- Մանկուց ես երազել եմ հանդիպել ՌԴ նախագահ Վ.Պուտինին և միշտ շատ ուշադիր հետևում էի նրան հեռուստացույցով: Անցավ որոշ ժամանակ, և ես հասկացա, որ եթե դառնամ լավ լրագրող, ես կարող եմ և տեսնել Վ.Պուտինին, և հարցազրույզ վարել նրա հետ: Ես ինձ պատկերացնում եմ հեռուստալրագրության ոլորտում,կցանկանայի որևէ հաղորդում վարել կամ հաղորդավար դառնալ:

-Կպատմե՞ս պարարվեստ մուտք գործելու քո անցած ճանապարհի մասին:

-Պարել սկսել եմ 5 տարեկանից, մայրիկս է նկատել իմ տաղանդը և ինձ պարի դասընթացների տարել: 6 տարի հաճախել եմ Գյուրջյանի անվան պարի դպրոց: Հետագայում ցանկացել եմ Երևանում շարունակել սովորել, բայց չի ստացվել:Պարարվեստում ինձ ավելի շատ դուր է գալիս մոդեռն ոճը, թեև 6 տարի ես հաճախել եմ հայկական կլասիկ պարերի: Պարը միշտ ինձ հետ է եղել, դեռ մանկուց ես ամեն ինչի մեջ երաժշտություն էի փնտրում, նույնիսկ գազօջախի ձայնի տակ պարում էի:Հիմա էլ է այդպես, նստած ժամանակ, դաս պատմելիս ոտքերս դողում են, և ուզում եմ պարել: Շատ ակտիվ եմ նաև համալսարանական միջոցառումներում, որոնց միշտ մասնակցում եմ և պարում:

-Սիրու՞մ ես ընթերցել և ո՞ր գիրքն է քեզ ամենից շատ գրավել:Lilia1

-Շատ եմ սիրում Շեքսպիր կարդալ, նրա բոլոր գործերը ինձ շատ են գրավում և մեծ դասեր եմ քաղում:Այժմ կարդում եմ Դեյլ Քարնեգիի « Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը:

-Կյանքում ինչ-որ կարգախոսով առաջնորդվո՞ւմ ես:

-Այո, ես առաջնորդվում եմ հետևյալ կարգախոսով «Հավատա ինքդ քեզ և վստահիր Աստծուն»:

-Ո՞րն է ամենագեղեցիկ վայրը, որտեղ երբևէ եղել ես:

Իմ երազանքներից մեկը Փարիզում լինելն էր: Ես շատ էի ուզում այնտեղ լինել և դեռ փոքրուց ամեն ինչ արել եմ երազանքս իրականացնելու համար, փող էի հավաքում: Եվ ինձ բախտ վիճակվեց մեր խմբով այնտեղ լինել, ես ուղղակի հիացած էի: Ինձ այնտեղ ամեն ինչն էր գրավել, շատ տպավորված էի և երբեք չեմ մոռանա իմ երազանքների քաղաք Փարիզը:

 

Հարցազրույցը` Անգելինա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ, լրագր. 4-րդ կուրս