Արցախի պետական համալսարան

Nuyki1  Nuykin2

 Nuykin6   Nuykin5 

Սեպտեմբերի 17-ին ԱրՊՀ-ում բացվեց ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից, գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի անունը կրող կաբինետ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Ա. Նույկինի հարազատներ, ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանը ներկայացրեց Ա. Նույկինի գրական ժառանգությունն ու ծավալած հասարակական-քաղաքական գործունեությունը. «Ա. Նույկինն Արցախի համար մի այնպիսի ժամանակաշրջանում է նպաստավոր գործունեություն ծավալել, երբ պաշտոնական դեմքերն ու ԶԼՄ-ները ղարաբաղցիներին համարում էին տեռորիստներ և ահաբեկիչներ: Նա արդարամիտ մտավորական էր»:

«Ղարաբաղ՝ իմ ցավ» գրքում Անդրեյ Նույկինը պատմել է, թե ինչպես մի խումբ մոսկվաբնակ մտավորականներ, առաջնորդվելով արդարության և պարտքի զգացումով, 1991-ի փետրվարին, Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ չվերթից հետո, կյանքում առաջին անգամ ականատես եղան ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի պատժիչ գործողություններին: Ղարաբաղցիների հետ միասին նրանք ենթարկվեցին նվաստացումների և հալածանքների, որ կատարվում էին հենց այն վայրում, որտեղ վայրէջք էր կատարել ինքնաթիռը, և ստիպված էին հեռանալ Ղարաբաղից՝ մի քայլ անգամ չանելով Ստեփանակերտի օդանավակայանից: Մոսկվա վերադառնալուն պես կոմիտեի անդամները՝ գրողներ Նույկինը, Գայդարը, Օսկոցկին, Չերնիչենկոն, Գ.Նույկինան, զայրացած վերապրածից, ստեղծեցին ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեն («Ճիչ»): Ա. Նույկինը նշանակալի ավանդ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի օբյեկտիվ ու արդարացի լուսաբանման և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերն աշխարհին ներկայացնելու գործում:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է ներկաներին և արժևորել Անդրեյ Նույկինի հայանպաստ գործունեությունը՝ նշելով, որ Արցախյան շարժման օրերին «Ճիչ» կոմիտեն խորհրդանշեց հայ ժողովրդի հոգու ճիչը: Արցախը ոչ միայն հայերի հայրենիքն է, այլ նաև այն մարդկանց, որոնք իրենց կյանքի գնով նպաստեցին արդարության վերականգնմանը: «Խորհրդանշական է, երբ Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ մենք վերադառնում ենք շարժման ակունքներին, հիշում և հարգում ենք այն մարդկանց, ովքեր Արցախը բացահայտել և ներկայացրել են աշխարհին»:

ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն իր խոսքում նշեց, որ Անդրեյ Նույկինին Արցախում երախտագիտությամբ են հիշում. «Նա այն մարդկանցից է, ում մասին խոսելիս ասում են՝ իր ժամանակի հերոսը: Նա չկարողացավ անտարբեր մնալ ուրիշի ցավին»:

Անդրեյ Նույկինի որդին՝ Պավել Նույկինը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ խոսելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամության, պատմական ճակատագրի նմանության մասին: Նրա խոսքով՝ երկու ժողովուրդներն էլ տարածքային կորուստներ են ունեցել պատմության ընթացքում, որոնք պետք է վերադարձվեն: Նա ներկայացրել է նաև հոր՝ Անդրեյ Նույկինի գրական, հրապարակախոսական, հասարակական-քաղաքական գործունեությունը: