Արցախի պետական համալսարան

01

Հարցազրույց Դիմակի հետ

Որպեսզի հարցազրույցը կայանար, պետք է ամեն ինչ լիներ այնպես, ինչպես պայմանավորվել էինք՝ ոչ մի լուսանկար, ոչ մի ձայնագրող կամ նկարահանող սարք: Հարցազրույցը պետք է տևեր 15 րոպե, որի ընթացքում մենք խոսելու էինք սև վարագույրի տարբեր կողմերից և վերջին, միակ պայմանը, որին պետք է հետևեր Դիմակը՝ լինել անկեղծ:

 Նայում եմ ժամացույցին, 5 րոպե է մնացել: Որպեսզի պայմանը չխախտեմ, նույնիսկ թուղթ ու գրիչ չեմ վերցրել, եկել եմ բոլորովին անզեն: Ինձ թվում է ամբողջ սենյակում լսելի է սրտիս զարկերի ձայնը: Ես ամբողջությամբ լսողություն եմ դարձել: Նախօրոք պատրաստած հարցերից ոչ մեկը չեմ հիշում և հանկարծ…Լսում եմ:

-         Կարող ենք սկսել:

-         Մարդկանց սիրո՞ւմ եք ,- հանկարծ հարցնում եմ:

-         Ոչ:

-        Այդ դեպքում ինչո՞ւ եք այդքան մոտ լինում նրանց:

-         Որպեսզի շարունակեն ապրել:

Առանց մտածելու կրկնում եմ նույն հարցը:

-        Ինչո՞ւ եք նրանց այդքան մոտ:

-       Դուք՝ մարդիկդ, այնքան միամիտ եք, այնքան անպաշտպա՛ն: Դուք չեք նկատում ոչինչ, հատկապես այն, ինչ Ձեզ մոտ է, ձեր կողքին է, ձեր մեջ: Ինքներդ ձեզ անգամ չեք ճանաչում: Ես տեսել եմ բազմաթիվ սերունդներ, մարդկանց, ովքեր եկել ու գնացել են այս աշխարհ` բոլորովին անտեղյակ իրենց էությունից: Եվ չեն ապրել, հասկանո՞ւմ եք: Ես նրանց մոտ եմ գտնվում, որպեսզի ապրեն, որպեսզի ճանաչեն:

-         Դուք ե՞րբ եք թողնում նրանց, ե՞րբ եք հեռանում:

-         Երբ ճանաչում են ինձ: Երբ գտնում են ինձ և ուզում են, որ հեռանամ:

-         Հաճա՞խ է պատահում:

-         Մի՛շտ, վաղ թե ուշ նրանք գտնում են ինձ: Նրանք սկսում են ճանաչել ինձ, հետո իրենց, հետո աշխարհը:

-         Դուք ասում եք՝ բազմաթիվ մարդիկ գալիս են այս աշխարհ և գնում են անտեղյակ…

-         Իսկ Դուք ի՞նչ է, կարծում եք միայն այս աշխա՞րհը գոյություն ունի:

Ես փորձում եմ հիշել այն հարցերը, որ անգիր սովորել էի: Վախենում եմ նայել ժամացույցին: Հարցնում եմ.

-         Մարդիկ չե՞ն կարող ինքնուրույն ճանաչել աշխարհը և իրենց:

Պատասխանն ուշանում է: Անթարթ նայում եմ սև վարագույրին և ոչինչ, անգամ ստվեր չի երևում: Մտածում եմ՝ գուցե գնա՞ց: Բռունցքիս մեջ եղունգներով սեղմում եմ ափս: Այդպես անում եմ միայն, երբ չափազանց հուզված եմ լինում: Ուզում եմ կրկնել հարցը, բայց չեմ հասցնում, լսում եմ պատասխանը.

-Ոչ :

Վերջապես նայում եմ ժամացույցին, փաստորեն պատասխանը լսելուց հետո ես լուռ եմ արդեն 5 րոպե և 5 րոպե առաջ էլ ավարտվել է սահմանված 15-ը:

Իմ կյանքի միակ հարցազրույցը, որին գնացել էի բոլորովին անզեն, հիշում եմ բոլոր հարցազրույցներից ավելի լավ: Ես հիշում եմ վարագույրի մյուս կողմից լսվող տղամարդու ձայնը՝ պարզ, հրաշալի – հրաշալի ձայնը:

Ինչպես այն ժամանակ , այնպես էլ հիմա ինձ թվում է, թե պայմանի վերջին, միակ կետը, որին պետք է հետևեր Դիմակը, պահպանվել էր:

Արաքս ՄԻՐԶՈՅԱՆ, լրագրություն 3-րդ կուրս: