ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ

25.09

2018

IMG 3722  IMG 3764 

IMG 3748  IMG 3723

Մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին բարձրագույն մաթեմատիկայից կազմակերպված միջբուհական օլիմպիադան նվիրված էր ամբիոնի դասախոս, երջանկահիշատակ Հրանտ Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին:

Միջոցառմանը հրավիրված էին համալսարանի ղեկավարությունը, բնագիտական ֆակուլտետի դասախոսական և ուսանողական կազմը, Հ. Խաչատրյանի ընտանիքի անդամներ:

Բացելով միջոցառումը՝ ամբիոնի վարիչ Լիանա Աբրահամյանը նշեց, որ օլիմպիադայի կազմակերպումը հարգանքի յուրօրինակ տուրք է իրենց ավագ գործընկերոջ՝ Հ. Խաչատրյանի հիշատակին:

«Մեծ է Հ. Խաչատրյանի ներդրումը մեր ամբիոնի կայացման և անսահման է նրա նվիրումը համալսարանում գիտության և մանկավարժության զարգացման գործում: Նա իր ողջ գիտելիքներն ու եռանդը ի սպաս է դրել մեր գիտակրթական համակարգի զարգացմանը»,- ասել է Լ. Աբրահամյանը;

Ներկայիս սերնդի պատկերացումներում Հ. Խաչատրյան ազնիվ մտավորականի, ճանաչված գիտնական-մանկավարժի, ակտիվ հասարակական-քաղաքական գործչի կերպարն ամբողջացնելու համար գործընկերները՝ Ռուդիկ Առաքելյանը, Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մարությանը, Վոլոդյա Միրզոյանը, Գեորգի Սահակյանն ու Վալերի Ավանեսյանն իրենց ելույթներում խոսեցին Հ. Խաչատրյանի մարդկային որակներից ՝ գնահատելով նրա վաստակն ու մարդկային տեսակը:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, ում Հ. Խաչատրյանի հետ ավելի քան երեք տասնամյակի ընկերությունն էր միավորում, ընդգծում է. «Օրինակելի տեսակ էր, որ հաճախ բացակայում է մեր օրերում»:

Բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը, գործընկերոջ մասին հուշեր պատմելուց բացի, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նշելով, որ մարդն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում են:

Ընտանիքի անունից համալսարանին և ամբիոնին շնորհակալություն հայտնեց Հ. Խաչատրյանի որդիներից Արմեն Խաչատրյանը. «Հայրս չէր աշխատում, նա առաքելություն էր իրականացնում»:

Ելույթներից հետո ուսանողները համապատասխան առաջադրանքներ ստացան՝ շարունակելով աշխատել: Օլիմպիադայի արդյունքների ամփոփումն ու պարգևատրման արարողությունը նախատեսվում է վաղը: