Արցախի պետական համալսարան

Ella

-Վերցրու սա,- ասաց նա՝ մեկնելով կրակայրիչը դեպի ինձ:

Զարմացա ու անմտորեն ժպտացի՝ վերցնելով այն.

-Էլ հետ չեմ տա,-իբրև անհոգ ժպտալով ասացի ես:

-Եթե նվիրել եմ, ետ չեմ վերցնի,-իրեն հատուկ լրջությամբ պատասխանեց նա:

Վերցրի ու ամուր, շատ ամուր սեղմեցի ափիս մեջ, ինչպես երկու օր առաջ նրա ձեռքն էի ամուր գրկել...գրկել էի այնպես,  կարծես առաջին ու վերջին անգամ,   կարծես երազում ու կարծես մի փոքր սիրահարված...

Իսկ հին ու վկա դարձած պատուհանը այլևս կիսաբաց չի մնա, որովհետև իմ շփոթմունքից դողացող ձեռքերը այլևս նրա բռնակին չեն հպվի, իմ աչքերը դեպի բակ չեն նայի, ձյունոտ ճանապարհին քո հետքերը չեն փնտրի, որովհետև չեմ ուզում քեզ հիշել...ես այսօր կմտնեմ լոգասենյակ և դուրս կգամ այնտեղից ամբողջովին կերպարանափոխված....ննջասենյակը հարմար չէ , այնտեղ քեզ հիշեցնող իրեր կան:

Բայց մինչ այդ ես ուզում եմ իմ պատուհանի մոտ վերջին անգամ կանգնել ու հիշել...

Երբեք չէի կարող պատկերացնել, որ մեկ օրը կարող է այդքան զորեղ գտնվել:Երբ հայացքդ շրջում է սենյակում և բոլորից թաքուն (երևի) կանգ է առնում հենց նրա հայացքին, ինչ-որ բան ասող հայացքին, որ ոչ մի կերպ չես կարողանում հասկանալ:Երբ նայում ես անծանոթ աչքերին ու ակամայից ժպտում, որովհետև դրանք քեզ ամենածանոթն են:Երբ նա նայում է դիտմամբ աչքերիդ մեջ, որպեսզի մատնես ինքդ քեզ:Երբ մոռացնել է տալիս քեզ քո իսկ «պլանավորած» կյանքը, ստիպում ապրել երջանիկ, թեկուզ կարճ ժամանակով:Երբ այնքան շփոթված ես, որ չես կարողանում թաքցնել նույնիսկ խանդդ, երբ նա զրուցում է այլ աղջիկների հետ ու երբեմն էլ հետևում միմիկաներիդ…երբ ամեն բան համընկնում է, հասկանու՞մ եք, ամեն բան…երբ երկուսդ էլ սովորություն ունեք գիշերով ջուր խմել, երբ երկուսդ էլ գերադասում եք կարոտը սիրուց, լսում եք նույն երաժշտությունը և նույն բանաստեղծություններն եք սիրում…երբ իրար նման խենթ եք, բայց հմտորեն թաքցնում եք…իսկ նման մարդկանց վիճակված չէ միասին լինել, նրանք դատապարտված են ապրել հիշողություններով…

-Կմոռանա՞ս ինձ,-հարցրի ես կես ուրախ, կես թաց աչքերով…

-Եթե ուզեմ էլ, չեմ կարող,- պատասխանեց նա…

-Չմոռանաս, որ չէի կարողնաում նայել աչքերիդ: Չմոռանաս, որ ինչքան էլ տխուր էի , միևնույն է, երբ նայում էի քեզ, հիմարի պես ժպտում էի, երբ անտանելի հազից հետո ծիծաղում էի, երբ երգի բառերով քեզ ակնարկներ էի տալիս…

-Երբեք չեմ մոռանա…ի՞նչ կա այդ աչքերում , որ չեմ կարողանում հասկանալ,- ասում է նա ժպտալով ու իրեն հատուկ նրբությամբ մազերս է շոյում…

-Խոստացիր, որ չես լացի, երջանիկ կլինես,եթե նույնիսկ ես չլինեմ,- պահանջկոտ հայացքով ասում է նա …

Ու դեռ չավարտած՝ սկսում եմ լացել.

-Կգնաս չէ՞, ուզում եմ գնաս ու թողնես ինձ միայն այս հիշողությունները, որ հետո հիշեմ ու հաստատ իմանամ, որ երջանիկ եղել եմ,- հազիվ արտաբերելով ասում եմ ես՝ ակնկալելով, որ չի գնա…

-Ժամանակից առաջ մի անցիր, ես չգիտեմ ինչ կլինի….

Ես չեմ սիրում նրան, ոչ էլ սիրահարված եմ ….դա ավելին է քան այս երկուսը…ես իմ զգացածը նույնացնում եմ մեր սիրելի կարոտի հետ…քանի դեռ չեմ գտել նրան համարժեք բառ…

-Ինչու՞ չես խմում սուրճդ,- հարցնում է նա:

-Իսկ ես միշտ եմ այսպես անում,- ծիծաղելով պատասխանում եմ ես:

-Իսկ դու զգո՞ւմ ես դառը սուրճի քաղցրությունը,- խորամանկորեն հարցնում է նա …

Ես գլուխս դրական օրորում եմ ու էլի ժպտում…

Բայց արդեն բավական է ….չեմ ուզում հիշել….

Ես որոշել եմ փոխվել, բայց այս հիշողությունները ինձ շարունակ ցավեցնում են…

Ես ձեռքս վերցնում եմ մաշված բռնակից ու դողս ավելի է ուժգնանում…փակում եմ միշտ կիսաբաց պատուհանը …ընդմիշտ…գնում եմ դեպի լոգասենյակ…

-Ինչու՞ են մարդկանց ձեռքերը սառը:

-Այդպիսի մարդկանց սրտերում ջերմություն կա,- ժպտալով պատասխանում եմ ես:

-Ուզում ես ասել, որ ես սառնասի՞րտ եմ,- ծիծաղելով ասում է նա…

Ես էլ եմ ժպտում, ինչպես միշտ…

Ես չեմ մոռանա դառը սուրճի քաղցրությունը ,չեմ մոռանա քեզ, բայց կսովորեմ ապրել առանց քեզ…Գիտես, ներելը իմ ընտրությունը չէ…

Էլլա ԽԱՉԻՅԱՆ, Լրագրություն 3-րդ կուրս