Արցախի պետական համալսարան

IwoSzWIhUhb2L9ZrqQDY8Iss0C  FlsM7bYHzMpdkl9UTJEQsmvziP

Սեպտեմբերի 27-ին Երևանի պետական համալսարանում ԵՊՀ պատմության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ԵՊՀ ռեկտորը, պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Արարատ Վարդանյանը՝ կարևորելով ազգային նպատակների իրականացման ճանապարհին ընդհանուր պատմագիտական միջավայր, դաշտ ձևավորելու, Հայաստանի պատմությունը, մշակույթն ու արվեստը պատշաճ մակարդակով աշխարհին ներկայացնելու, ինչպես նաև սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում որակյալ պատմաբան մասնագետների պատրաստման, փորձի փոխանակման գործում սերտ համագործակցության անհրաժեշտությունը և հաշվի առնելով հայոց պատմության աղավաղման, մշակութային արժեքների յուրացման փորձերին համակարգված կերպով հակազդելու գործում երկու բուհերի մասնագետների ջանքերի համատեղման կարևորությունը:

Համագործակցության շրջանակում ԵՊՀ պատմության ֆակուլտետն ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական, առարկայական ծրագրերի վերանայման և մշակման ուղղությամբ կտրամադրի խորհրդատվություն, ինչպես նաև դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ուսումնամեթոդական նյութեր, անհրաժեշտության դեպքում էլ կաջակցի դրանց պատրաստմանը: Հուշագրի շնորհիվ հնարավորություն կընձեռվի ԱրՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնառության մի մասն անցկացնել ԵՊՀ ֆակուլտետում:

Հուշագիրը նպաստելու է, որ կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կազմակերպեն նաև մասնագիտական քննարկումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, անցկացնեն համատեղ հետազոտություններ, աջակցեն ուսանողների, ասպիրանտների (հայցորդների) կամ դասախոսական կազմի ներկայացուցիչների հետազոտական ծրագրերի իրականացմանը և այլ միջոցառումներ: