Արցախի պետական համալսարան

42692982 2011589848903622 3683304661026078720 n

Պարզկա ու աստղազարդ երկինք է: Հեռվում` երկնքում, նշմարելի լողում են փոքրիկ աստղիկները, որոնք իրենց լույսով լուսավորում են գիշերով պատված քաղաքը և հույսի շող ներշնչում ինձ նման անքուն մարդկանց սրտերին:

Նայում եմ հեռուն, հեռու հորիզոնին և իմ երազող ու փայլող աչքերի առջև պատկերանում է մեկը, այո, մեկը, սակայն այդ «մեկին» ես էլ չեմ ճանաչում, բայց «նրա» խոհուն աչքերը սկսում են ինձ նայել ու շշնջալ ականջիս. «Դու, լուսերես մի աղջիկ` միշտ ժպտացող, միշտ երազող, անրջող, դու, որ հիմա նստած պատշգամբի քով, մտքերով ճախրում ես դեպի անծայրածիր հորիզոն, դու, որ վայելում ես գիշերվա լռության համն ու հմայքը աղմկոտ երեկոյից հետո, քեզ, ում մեղմ, հաճելի ու հպանցիկ քամին է ընկերակցում իր շոյանքով, իր նազանքով, և վերջապես`դու, վերջում կընտրես նրան` քո երազների հերոսին, ով կսիրի քեզ այնպիսին, ինչպիսին կաս, ով կկարողանա թարգմանել քո լռությունը, ով նվաղուն հայացքով կնայի քեզ ու դողդողուն ձայնով սիրո խոստովանություն կանի: Դու լուռ կլսես նրան, թովիչ կժպտաս անձայն, ու նա կհասկանա, որ խոսուն լռությունը համաձայնության նշան է: Այդ զգացումը`«սեր» կոչվածը, քեզ այցի կգա անսպասելիորեն, կգա՝ առանց ձևականությունների, տիրական… Կգա համեստորեն, տակնուվրա անելու քո ներաշխարհը, քո էությունը…Եվ կյանքը քեզ համար կդառնա հմայիչ երազ, աշխարհը`հեքիաթ: Դու, անկասկած, կընտրես նրան, որովհետև նրա տաքուկ գրկում կգիտակցես, որ նա անփոխարինելի է, անգնահատելի, անմնացորդ… Դու կընտրես նրան, ում ամենաթանկ ընտրությունը կլինես հենց դու»: Ես մի պահ սթափվեցի, ու աչքերս մշուշվեցին քաղցր արցունքներով: Սիրեցի երեկոն, գիշերը, երբ ամենուրեք լռություն է, երբ շուրջբոլորը խաղաղ է, հանգիստ ու փոքր-ինչ մելամաղձիկ, իսկ ջրի խշշոցը երգի նոտաներ հյուսեց յուրովի, ու ես հասկացա, որ այդ «նա»-ն իմ մտորումների միակ զրուցակիցն էր:

                                           Աննա Մուսայելյան,

Թարգմանչական գործ, 3-րդ կուրս