Արցախի պետական համալսարան

43253629 727147337621748 2081014738422071296 n  43092144 727147287621753 8100176280076419072 n

43321006 727147057621776 8321204097516568576 n  43335451 727146727621809 2896149988755111936 n

Արցախի Հանրապետության Ասկերանի դպրոց մտնողներին առաջինը ողջունում է թախծոտ և խոհուն աչքերով մի երիտասարդ, բայց…լուսանկարից, իսկ լուսանկարից ներքև փայտին փորագրված ընթերցում ես. «Արցախյան շարժումը հնարավորություն է տվել հայ ժողովրդին տեսնել ինքն իրեն ու գիտակցել, որ անհրաժեշտության պահին ինքը կարող է մի ամբողջություն դառնալ ու մենամարտել ցանկացածի հետ…Էդմոն Բարսեղյան, 17 մարտի, 1988թ.»:

20-ամյա երիտասարդի հասուն այս մտքերը ամբողջ կյանքում դարձան ոչ միայն նրա ապրելու բանաձևը, այլ նաև ուղենիշը իր անունը կրող դպրոցի բոլոր սերունդների սաների համար: Այդ թախծոտ աչքերով և խոսուն լռությամբ կյանքի իմաստություն պատգամող երիտասարդի լուսանկարին կարող ես հանդիպել նաև Արցախի պետական համալսարանի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 23 տարեկան էր նա, մի ուսանող, բայց իր կյանքի ամենամեծ քննությունն էր հանձնում 1991 թ. օգոստոսի 28-ին, Շահումյանի Կարաչինար գյուղի համար մղվող կատաղի մարտերից մեկում, հաղթեց` անմահանալով:43239396 727146607621821 5229926894031339520 n

Հոկտեմբերի 4-ին Արցախյան պատերազմի առաջամարտիկ էդմոն Բարսեղյանը կդառնար 50 տարեկան: Հերոս ազատամարտիկի հիշատակին նրա ծննդավայր Ասկերանում հիշատակի արարողություններ են տեղի ունեցել, որին ներկա էին Էդմոն Բարսեղյանի հարազատները, ընկերներ, ԱրՊՀ դասախոսներ, նրա անունը կրող դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, շրջկենտրոնի հասարակությունը: 
Միջոցառումները մեկնարկել են հերոսի անունը կրող Ասկերանի դպրոցից: Աշակերտները դպրոցում հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին՝ երդվելով հավատարիմ լինել պատգամած արժեքներին: Ծաղիկներ խոնարհվեցին հերոսի շիրիմին, ապա կայացավ հուշ- ցերեկույթ, որն սկսվեց հոտնկայս ծափահարություններով ու հրեշտակի կերպարներով աղջնակների կողմից մոմավառությամբ:
«Էդմոն Բարսեղյան. մարդ, ով իր մի օրը այնպես էր ապրում, կարծես ողջ կյանքում այդ օրն է ապրելու: Խորիմաստ, ամեն վայրկյան կշռադատված, փիլիսոփա, մարդ-ֆենոմեն, մարդ-հայրենասեր»,-այսպես է բնորոշում հերոսին հուշ-ցերեկույթի նախաձեռնող, Էդմոն Բարսեղյանի անվան Ասկերանի դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը:
Կսկիծով է իր բազմաշնորհ աշակերտի մասին խոսում նրան դասավանդած ուսուցչուհին` Ռայա Մոսիյանը. «Դժվար է Էդմոնի մասին անցյալ ժամանակով խոսելը: Նրա տաղանդը փայլում էր բոլոր ուղղություններում. գիտության տարբեր ոլորտներում, ռազմագիտություն, երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, սպորտ, արհեստի տարբեր ճյուղեր… »:
Էդմոն Բարսեղյանը դպրոցն ավարտել է Ոսկե մեդալով և ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի /ԱրՊՀ/ պատմություն բաժինը: Նրա մասին հիացմունքով են խոսում նաև նրան դասավանդած դասախոսները` Շահեն Աբրահամյանը, Անդրեյ Պետրոսյանը և մյուսները: Ուսման հանդեպ ծարավը նրան տարավ Կալինինզրադի (ՌԴ) պետական համալսարան, սակայն ուսումը կիսատ թողեց, երբ վտանգված էր հայրենիքը և շտապեց Արցախ։ Կամավորական ջոկատում մասնակցեց ինքնապաշտպանական գործողություններին (կրակակետերի, մեքենաների, կամուրջների պայթեցում), Ասկերանի, Հադրութի, Շահումյանի (էրքեջ, Բուզլուխ, Կարաչինար) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Նա անբացատրելի ուժ ու ոգի էր հաղորդում մարտական ընկերներին: Պատմում են, որ այնտեղ, ուր ներկա էր Էդմոնը, հաղթանակի հանդեպ միշտ վստահ հավատով էին առաջ գնում տղաները:«Հաղթանակը մերը կլինի,-հաճախ էր կրկնում Էդմոնը,-հնարավոր է` ես չտեսնեմ, բայց հաստատ մերը կլինի»,-մարտական ընկերոջ մասին իր հուշերն է կիսում Վիլեն Սաֆարյանը:
Հայրենապաշտությունն ու ծնողապաշտությունը հավասարապես մեկտեղված էին նրա հոգում: «Սիրիր հայրենիքդ անձիդ պես: Հայրենիք և մայր` հավասար սրբություններ են ինձ համար»,-այս գաղափարով էր նա առաջնորդվում: Հերոսի նամակները, որ ընթերցեցին աշակերտները, այս մասին էին փաստում: Մորը և սիրելի կնոջը` Նարինե Աղաբալյանին ուղղված նամակները բացահայտում են նրա` երիտասարդ տարիքին անհամեմատ հասուն մտքերը, անմնացորդ սերը` կնոջ, հարազատների և հայրենիքի հանդեպ, զգայուն և ամենատես հոգին, հեռուն տեսնելու կարողությունը և խորաթափանցությունը: 
Քույրը` Էվելինա Բարսեղյանը, հուզմունքից դողացող ձայնով է խոսում եղբոր մասին.«Հանդարտ գործող հսկա հրաբուխ էր, ամեն րոպե նոր ու թարմ գաղափարներով զարմացնող, ապշանք ու կախարդանք պարգևող տաղանդավոր անհատականություն: Մարդկային, հայապաշտ ապրումներով, հոգեկան կառույցով կախարդում էր բոլորին: Հերոսացավ ու դարձավ հավերժի ճամփորդ: Նա կապրի իրեն ճանաչողների հոգում, նրանց սրտերում, նրանց մարդկային բնության մեջ, նա մեկն էր, եզակի, անկրկնելի... Հավերժ փառք նահատակված մեր բոլոր քաջորդիներին»:
Նարինե Աղաբալյանն իր շնորհակալությունն է հայտնել Էդմոն Բարսեղյանին միշտ հիշելու և նրա գաղափարները մատաղ սերնդի համար ուղենիշ դարձնելու համար.«Նա չսակարկեց, երբ հայրենիքի փրկության հակառակ նժարին սեփական կյանքն էր: Էդմոնի համար իր երկրորդ ընտանիքը մարտական ընտանիքն էր` Դաշուշենի ջոկատը: Հազվադեպ այն տեսակը, որ կար Էդմոնի մեջ, պահպանելու ու տարածելու խնդիր ունենք»:
Էդմոնը չհասցրեց տեսնել անգամ իր որդուն, որը ծնվեց նրա զոհվելուց երկու ամիս անց և իր բաժին հայրական սերն ու իմաստնությունը քաղեց լուսանկարներից, նամակներից, հարազատների հուշերից: Իսկ այսօր արդեն Էդմոն Բարսեղյան հերոսի թոռնիկը բանաստեղծությամբ է շնորհավորում լուսանկարներով ճանաչած իր պապիկին:
Եվ մի հայացք ձգելով Էդմոն Բարսեղյանի ապրած կյանքի կարճատև, բայց իմաստնալից ճանապարհին, վերստին համոզվում ես, որ կարևորը ապրած օրերի քանակը չէ, այլ թողած հետագիծը: Նա հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:
«Այս ուսումնական տարին նվիրված է լինելու Էդմոն Բարսեղյանին, ուսումնական բոլոր հաջողություններն ու հաղթանակները նրան ենք նվիրելու»,-ասում է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անունը կրող դպրոցի տնօրեն Մելորա Ավանեսյանը:
Դպրոցի աշակերտներն իրենց խոնարհումը, երախտագիտությունն ու հերոսի պատգամած գաղափարներին հավատարիմ ապրելու պատրաստակամությունն արտահայտեցին ամսունքով ու երգերով: 
Զ. Սառաջյան