Արցախի պետական համալսարան

 43354532 2119561648062079 6149662263222468608 n

Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է: Օրն առիթ է՝ մեկ անգամ ևս խոսելու գրքի արժեքի, գրադարանի դերի մասին: Ձեզ ենք ներկայացնում մեր զրույցը ԱրՊՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանի հետ:

-Տիկի′ն Հարությունյան, նախ շնորհավորում ենք Ձեզ՝ մասնագիտական օրվա առթիվ: Թվում է՝ տեխնոլոգիաների զարգացման արդի ժամանակներում գիրքը երկրորդ պլան է մղվել: Ըստ Ձեզ՝ այսօրվա երիտասարդությունը ընթերցասե՞ր է։

-Շնորհակալություն: Այո, ունենք ընթերցասեր երիտասարդներ, մանավանդ բանասերները շատ են գիրք ընթերցում։ Իմ կարծիքով գրքի դերն անփոխարինելի է, որքան էլ տեխնոլոգիաները զարգանան:

-Որո՞նք են ուսանողների կողմից ամենից շատ ընթերցվող գրքերը։

-Ուսանողների կողմից ամենաշատ պահանջված գրքերն են Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», Վ.Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիները» , Պաուլո Կոելիոյի գրքերը: Ցավոք, գրադարանն այդքան էլ հարուստ չէ, գեղարվեստական գրականություն գրեթե չենք ստանում։

-Գրադարանի ֆոնդում քանի՞ գիրք կա, և ի՞նչ միջոցներով է համալրվում գրքային ֆոնդը։

-Քանի որ մեր գրադարանը գիտական է, մեծ մասամբ ձեռք ենք բերում գիտական-ուսումնական գրքեր։ Միջոցներ գրադարանը չունի, այն տրամադրում է մայր բուհը, նվիրում են անհատ հեղինակները, այլ ուսումնական հաստատություններ։ Գրքային ֆոնդում կա մոտավորապես 75000 միավոր գիրք։

-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս դառնալ լավ ընթերցող։

-Լավագույն ընթերցողը պետք է կարդա ու ծանոթ լինի համաշխարհային գրականության գոհարներին՝ մեր հայ դասականներից սկսած մինչև արտասահմանյան գրականություն։ Լավ ընթերցող չեն դառնում, այսինքն՝ դա նպատակ չէ, որ դնես, հասնես։ Ինձ թվում է, լավ ընթերցողը երևում է դպրոցական տարիներից՝ սիրում է գիրքը, ազատ ժամանակը հատկացնում է միայն գիրք կարդալուն։

-Տեխնոլոգիաների զարգացման շրջանում, երբ կան առցանց, թվայնացված գրքեր, արդյո՞ք ընթերցողների թվի նվազում չի նկատվում։

- Ընթերցողների թիվը չի նվազում, որովհետև ոչ բոլոր գրքերն են թվայնացված, որ կարողանան էլեկտրոնային ձևով ընթերցել: Էլեկտրոնային ընթերցելը ևս ունի իր բացասական կողմը՝ վնասակար է առողջության համար, մանավանդ երեխաներին պետք է հեռու պահել այդ եղանակով կարդալուց։ Իր հետ կրելու տեսակետից թվայնացված գրքեր ունենալը հեշտ է, թեկուզ կարող ես միլիոնավոր գիրք ունենալ մոտդ, կարծում եմ, պետք է գիրքը շոշափես, ունենաս ձեռքիդ տակ, ինչպես ասում են մեր գրքասեր բարեկամները, պետք է զգաս գրքի հոտը։ Դասագրքերի առումով թվայնացվածից հեշտ է օգտվելը, եթե մի թեմա պետք է սովորի ուսանողը, վայրկյանների ընթացքում տվյալ գիրքը հնարավոր է փոխանցել իրար։ Երկու եղանակից էլ օգտվում են, գիրքը, գրադարանը միշտ էլ անհրաժեշտ են մարդուն։ Ընթերցողների թվաքանակը տարեցտարի ավելանում է։ Դասամիջոցներին չենք հասցնում սպասարկել ուսանողներին, այդ իսկ պատճառով հայտերը թողնում են, գնում դասի, հետո գալիս են վերցնում։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում մոտ 180 ուսանողի գրանցել ենք որպես նոր ընթերցող։

-Որո՞նք են գրադարանի նոր գրքերը։

-Նոր դասագրքեր շատ ենք ստացել տնտեսագիտական ուղղվածությամբ, ունենք նոր գրքեր, որոնք ստենդում ցուցադրված են, և ովքեր հաճախում են գրադարան, ծանոթանում են գրականությանը, վերցնում։ Վերջերս հեղինակի կողմից ստացել ենք Ապրես Բեկնազարյանցի «Գաղտնիք Ղարաբաղի» գիրքը, Գ. Սուքիասյանի «Գիրքը, գրադարանը և ընթերցանությունը»։

-Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ընթերցող- գրադարան կապը սերտացնելու, ընթերցանությունը ուսանողների համար գրավիչ դարձնելու համար։

-Միջավայրը մեծ նշանակություն ունի, գրադարանը գրավիչ է իր գրքերով և, իհարկե, պայմաններով: Տարիներ շարունակ միշտ մեր գրադարանի ընթերցասրահը մեծության պատճառով ցուրտ էր, հույս ունենք, որ շենքի վերանորոգումից հետո կունենանք գրադարանային լավ պայմաններ։ Եվ, իհարկե, գրադարանավարը պետք է ընթերցողին սպասարկի համբերատարությամբ, սիրալիր վերաբերմունքով։ Պետք է նաև ուսանողին, մանավանդ առաջին կուրսեցիներին, ցույց տա գիրք փնտրելու հեշտ եղանակը։

Հարցազրույցը՝ Վարդուհի Գասպարյանի, լրագրություն 4-րդ կուրս