Արցախի պետական համալսարան

IMG 4842   IMG 4856

IMG 4848  IMG 4829

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Լուսինե Ղարախանյանի նախաձեռնությամբ հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում:

Նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա՝ կլոր սեղանի մասնակիցները նախ լսել են Լ. Ղարախանյանի՝ օրվա խորհրդին համահունչ բանախոսությունը, որով անդրադարձել է հոգեկան առողջությունը խաթարող, ապա և խանգարող գործոններին, ինչպես նաև դրա չափանիշներին ու խնամքի կանոններին:

Լ. Ղարախանյանի խոսքով, մեր օրերում հոգեկան առողջությունը նույնչափ խնամք է պահանջում, որքան ֆիզիկական առողջությունը, քանզի երկրորդը պայմանավորված է առաջինով: Այս գիտակցության բացակայության արդյունքում է, որ հասարակությունը հայտնվել է ռիսկային գոտում: Հանրային դեպքերն ու իրադարձությունները, տեղեկատվական հոսքերը, մշակութային տոտալ հարձակումները, սոցիալ-տնտեսական իրադրությունը հանգեցնում են վարքային անորոշության, իսկ այնտեղ, որտեղ գերակա է անորոշության ֆոնը, կենսական կայուն դրսևորումները պիտի բացակայեն:

«Մեր և հոգեբանական կենտրոնի՝ հատկապես չափահասների շրջանում ցայսօր կատարած համատեղ աշխատանքների արդյունքում կարող ենք փաստել, որ մեր հասարակությունում կա հոգեկան առողջության պահպանման խնդիր և ճգնաժամային երևույթներ, որոնք նույն այդ իներտության և դիֆուզ պատասխանատվության արդյունք են»,- ասում է հոգեբանը և իրավիճակի բարելավման ուղիները տեսնում քաղաքացիական պատասխանատվության, ակտիվ կենսագործունեության և հանրային ծառայությունների լուսաբանման մակարդակներում:

Մասնակիցները անդրադարձել են նաև հոգեկան առողջության չափանիշներին և խնդիրներին, առօրյա և գլոբալ սթրեսներին ու դրանց հաղթահարման ուղիներին, որոնք ոչ միայն մասնագետների, այլև հասարակության լայն շրջանակների մտահոգության առարկան պիտի լինեն:

Ամփոփելով քննարկումը՝ հոգեկան առողջության վերաբերյալ սեփական դիտարկումներն է ներկայացրել նաև ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ նշելով.«Լինել առողջ, նշանակում է ներգրավվել հասարակական կյանքում, դրսևորել սեփական հնարավորությունները»: