Նրանք սովորական մահկանացուներիս նման չեն, որ վախենան մահից: Շատ լավ գիտակցում են իրենց կոչումը. այրվում են մարդկության համար ու սպառվում մոմի պես: «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,- Շառլ դը Գոլը այս խորիմաստ արտահայտությամբ էր կանխատեսել ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, բանաստեղծ Շառլ Ազնավուրի ապագան: Հանճար, որն իր առաքինությամբ ու անձնազոհ մարդասիրությամբ հավերժ կտիեզերանավի իր անմահության ծիրում:
Մեծ հայի աստվածային ներշնչանքով ծնված տողերում զգացմունքների եռքն իր հետ բերում է բառաստեղծման ու պատկերաստեղծման հրաբխային լավա, գեղարվեստական անզուգական պատկերներ: Նրա ամեն մի ստեղծագործությունը գրական կերտվածք է, որ թե հույզերի հզորությամբ, թե մեղեդայնությամբ, թե արվեստով, հավասարը չունի, և որոնք ծնվել են հզոր ու անկեղծ ապրումներից, վերածվել պաշտամունքային կոթողների, հաստատվել աստվածային դրոշմով: Ազնավուրին ճանաչել և շռնդալից ծափահարություններով ընդունել է ոչ միայն Փարիզը, այլև ամբողջ աշխարհը: Սակայն փառքը երբեք չի շփացրել մեծ երգչին. նա շարունակել է մնալ իր արվեստի անխոնջ մշակը և հենց դրա շնորհիվ էլ սրտեր է գերել, հիացրել մարդկանց: Նրա լսարանում ամեն կրոնի, ամեն լեզվի տեր մարդիկ են եղել, և նա միշտ բաց է եղել իր երգը սիրող յուրաքանչյուրի առջև:
«Ի վերջո դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովութուն չթվա, ես ինձ դուր եմ գալիս»,- մի առիթով ասել էր Ազնավուրը` սիրո մեծագույն երգիչներից մեկը:
Նա միշտ հանդգնում էր սերը, կնոջը գովերգել այնպես, ինչպես ոչ ոք:
«Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել, սիրել են ինձ, խաբել, լքել, պաշտել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ես էլ իմ հերթին, խաբել եմ՝ նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ ... Ինչ արած, այդ է կյանքը, այդ է սերը»:
Նրա բանաստեղծություններում սիրուց ծնվում են բարեգթությունը, կարեկցանքը: Անգամ դժբախտ սերը դառնում է մտքի թռիչքի, հոգու սլացքի ակունքը: Սիրահարը չնչին հրճվանքից թև է առնում, նույնքան չնչին առիթից` վշտի անձկության մեջ թաղվում:
Վազելով վաղանցիկ սերերի հետևից՝ բանաստեղծը մեծ ակնածանքով է բնութագրել կանանց: Նրա տողերում կնոջ նազանքը պչրանք չէ և պերճանքն աստվածատուր է:
Բանաստեղծի ստեղծագործություններում մեծ տեղ է զբաղեցնում մայրական քնարը:
«Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ»:
Մեծ հային ծնած կինը` Քնար Ազնավուրյանը, եղեռնի տարիներին, 15 տարեկան հասակում, կորցրել էր ծնողներին, քրոջը, եղբայրներին, բայց սարսափներ տեսած կինը միշտ մնացել էր բարի, իմաստուն, զուրկ վրեժխնդրության զգացմունքից:
Ազնավուրն ասում էր.«Մայրս համեստ էր, բայց կարեկցող և ամենահաս»:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամբողջ աշխարհից օգնության բեռներ հոսեցին դեպի Հայաստան: Անթիվ-անհամար բարեգործների մեջ էր Ազնավուրը, որն առանձնանում էր թե իր մոտեցմամբ, թե անձնազոհ մարդասիրությամբ, թե բարեգործության մասշտաբներով: Նա ոչ միայն անձամբ այցելել էր աղետյալներին, այլև կազմակերպել էր ֆրանսահայության օգնությունը, ստեղծել «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը` առատաձեռնությամբ վարակելով շատերին:
Իր ազնվական բարեգործությամբ նա սթափեցրել էր այն սփյուռքահայ մեծահարուստներին, ովքեր «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի» նման էին ապրում:
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին` երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- Ազնավուրն ասել էր իր մասին:
Կենդանի լեգենդն այլևս հավերժի ճամփորդ է, սակայն նրա թողած գրական ժառանգությունը մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենակատարյալ արարչագործություններից է` առինքնող, անմահ ...
Նրա՝ հայ լինելը հագեցնում է իմ ազգային արժանապատվության ծարավը... Երանի նրանց, ովքեր ճանաչել են հանճարին:
Մերի Հարությունյան, լրագրություն 3-րդ կուրս